Կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն: Այս մասին սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Դա տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է: Ցանկացածը, որ մտածում է, որ այդ ծրագրով հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել, պետք է իմանա՝ դա հնարավոր չէ»,-ասաց նա:
Ծառուկյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպումներ ունենում են, ներդրումների, տնտեսության զարգացման հարցերով. «Բայց մենք գործընկեր չենք, կոալիցիա չենք, որ քննարկենք, թե որն է արդյունավետ, որը կարող է փոփոխություն բերի, ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնի»:
Նա նաեւ խոսեց Ամուլսարի շահագործման հարցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ գործադիրը պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը: Եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն, ասաց Ծառուկյանը:
«Ո՞նց կարելի է այնտեղ ապրող ժողովրդին հաշվի չառնել: Իշխանությունն էլ տեսնում է, որ արդեն խնդիրներ կան, քննարկում են, որ կարողանան ճիշտ որոշում կայացնել: Իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ: Պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ համաձայնության գա: Մեր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն նրան պաշտպանելու համար: Մնացածը պետք է ժողովրդին ներկայացվի, ժողովուրդը հասկանա՝ դա վտանգ է, թե վտանգ չի: Այտեղ իրենք ապրելու են»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանն ունի՞ շանս զարգանալու առանց հանքարդյունաբերույթյան, եւ եթե այո, ապա ինքը պատրա՞ստ է փակել իր հանքերը, Ծառուկյանը պատասխանեց. «Դուք դրանում չկասկածեք: Մենք ունենք երկու հանքարդյունաբերությունը, մեկը Արարատի ցեմենտի գործարանն է, մյուսը՝ Մղարթի ոսկու հանքն է: Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի ու մենք ժողովրդի հետ հարցերը չկարգավորենք, ուրեմն չկասկածեք, որ չի աշխաատի: Եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, դա չի աշխատի:
Ասենք, Մղարթի ոսկու հանքը արդեն 7 տարի չի աշխատում, ուսումնասիրություն է կատարվում: Երկրորդ, մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում, որը թունավոր, վտանգավոր նյութ է: Մեզ մոտ ընդամենը ջրով լվացման պրոցես է կատարվում: Բայց եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, չի աշխատի»: