Արա Գևորգյանը «Դու պիտի ճախրես» համերգին ներկայացրեց «Մեր Շառլ» երգը
Սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Փրայմ Փրոդաքշն կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող անմոռանալի համերգը:
Միջոցառմանն արտիստի հետ նաև հանդես եկան ՀՀ Պարի պետական անսամբլը, Էլեն Գրգորյանի պարային թատրոն-ստուդիան, «Milen show-ballet dance school», «Վահագն» դհոլահարների անսամբլը և հատուկ հյուր` Rony Barrak-ը:
Տարին նաև հոբելյանական էր. լրանում է 40 տարին, ինչ Արա Գևորգյանը բեմում է:
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ»-ին, որն աջակցում է կազմակերպել քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի արդեն հայտնի ու նոր ստեղծագործություններ: Երեկոյի ժամանակ հնչեց նաև Արա Գևորգյանի՝ «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվանից հետո: Ի դեպ, համերգին ներկա էր նաև լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Համերգի ամենահուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ամբողջ ընթացքում տեսաէկրանններին էին քաղցկեղով հիվանդ երեխաները, իսկ կատարման ավարտին միահամուռ տերունական աղոթքով էլ ներկաները իրենց օգնությունն ու աջակցությունը հաղորդեցին երեխներին: