Վիտալի Բալասանյանն կանչվել էր ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանն այսօր կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու:
Այս մասին հայտնում են VERELQ-ի աղբյուրները: Նշվում է, որ նա գործով վկայի կարգավիճակ ունի: Հարցաքննությունը, սակայն չի կայացել, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել:
Տեղեկացանք, որ ՀՔԾ-ն դեռ նոր ծանուցում Վիտալի Բալասանյանին չի ուղարկել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունում չեն մեկնաբանում Վիտալի Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությունները:
ՀԺ-ի տեղեկություններով Վիտալի Բալասանյանը հարցաքննության է կանչվել օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում արված հետեւյալ արտահայտությունների առիթով: Նա մասնավորապես հայտարարել էր.
«Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»: