Պետական վերահսկողության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, որն անցնում է ԱԱԾ քննչական վարչությունում հարուցած քրեական գործով, հայտնում է, որ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։
Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում Դավիթ Սանասարյանը եւ տեղադրել ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքների մասին վկայող փաստաթղթի պատճենը:
«Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։
Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին։
Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց համար հայտնում եմ, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն։
Կից հրապարակում եմ ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները», - ասված է ն նրա գրառման մեջ։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ Դավիթ Սանասարյանի գործի քննության ավարտ է հայտարարվել, այն առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար: «Գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն»,- հավաստիացրել էր նա։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Դավիթ Սանասարյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հարուցված քրեական գործը համարում է «շինծու»: