USAID-ն ՀՀ կառավարության բարեփոխումներին կուղղի լրացուցիչ $4.7 մլն
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի N 13 փոփոխության» և «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 8» ստորագրման առաջարկությունները:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 13 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 3,700,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորմանը: Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 84,404,406.36 ԱՄՆ դոլար:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից ստացվել է առաջարկ փոփոխություն կատարել 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում` տրամադրելով 4,785,000 ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում` ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:
Մասնավորապես՝ լրացուցիչ ֆինանսական հատկացումներ են պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության, մակրոտնտեսական ոլորտներում, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ և արագ իրականացման ապահովումը: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրակացմանը, առավել կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև:
Համաձայնագրի վերոնշյալ փոփոխությամբ ֆինանսական պլանի ցանկը լրացվել է նոր՝ մակրոտնտեսական ոլորտով, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանում տնտեսական աճի համար, քանի որ այն միտված է ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր: