Բաքվում ընթանում են Eternity-2019 զորավարժությունները՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Դրան զուգահեռ, Անկարան և Բաքուն երկկողմ մակարդակում անցկացնում են TurAz Qartalı – 2019 զորավարժությունները:
Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ՀՀ-ին ու Արցախին տարածաշրջանում մեկուսացնելու քաղաքականությունը, որն իր մեջ ներառում է էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական և ռազմա-քաղաքական տարրեր:
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիան, որի հիմքում տնտեսական և քաղաքական շահերն են, աստիճանաբար, Անկարայի և Բաքվի ակտիվ լոբբինգի արդյունքում, վերածվում է ռազմական դաշինքի, որն ուղղված է նաև ՀՀ դեմ:
Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն պատրաստել իր զինված ուժերն, այդ թվում ՆԱՏՕ-ական Թուրքիայի օգնությամբ, Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների:
Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է Վրաստանը վերածել հակահայկական պլացդարմի՝մեծացնելով թյուրքական ազդեցությունն այդ երկրում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կտրի ՀՀ մտնող կյանքի ճանապարհները, որոնք անցնում են Վրաստանի տարածքով:
Այդ ռազմավարության մեջ է մտնում ՀՀ-ի սահմանների երկայնքով թյուրքական միջանցքի ձևավորումը, որը սկիզբ է առնելու թուրքական դեմոգրաֆիկ, տնտեսական էքսպանսիայի ենթարկված Աջարիայից ու ձգվելու է Ջավախքով, որն ակտիվորեն հայաթափվում է, մինչև ադրբեջանաբնակ ու ՀՀ-ին հյուսիսից սահմանակցող Քվեմո-Քարթլիի նահանգ:
ՀՀ-ն Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմա-քաղաքական կոալիցիային պետք է պատասխանի ՌԴ-ի ու Իրանի հետ սերտ կապերի ստեղծմամբ՝ բոլոր ոլորտներում: Տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային, ռազմա-քաղաքական դաշնակցային կապերի ամրապնդումը Մոսկվայի ու Թեհրանի հետ՝անկախ ԱՄՆ-ի արձագանքից ու գեոպոլիտիկ կոնյուկտուրայից, ՀՀ-ի ազգային-պետական շահերից է բխում:
Դրա փոխարեն ՀՀ-ի այսօրվա իշխանությունները փորձում են տարբեր պատրվակներով սրել հայ-ռուսական կապերը՝մարտի 1 գործ, նախկին իշխանությունների նկատմամբ հետապնդումներ, իսկ հայ-իրանական տնտեսական կապերը գրեթե սառեցված են:
Դրան զուգահեռ Ադրբեջանն ակտիվ է Իրանի ուղղությամբ՝կառուցվել են Իրան-Ադրբեջան երկաթգիծը, ՌԴ-Ադրբեջան-Իրան էներգետիկ միջանցքը, ինչպես նաև աճում են ադրբեջանա-ռուսական և ադրբեջանա-իրանական տնտեսական կապերն ու ներդրումները:
ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներն, այդ թվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատավարությունը, չպետք է ուղիղ ազդեցություն ունենա հայ-ռուսական ռազմավարական կապերի վրա: ՌԴ-ՀՀ դաշնակցային կապերը պետք է վեր լինեն ներքաղաքական կոնյուկտուրայից և Երևանում իշխանության պահպանման շահերից: ՀՀ-ն իրավունք չունի արհեստականորեն սրել կապերը Մոսկվայի հետ՝թուրք-ադրբեջանական տանդեմի առկայության պայմաններում:
Ինչ վերաբերվում է Իրանին, ապա իրանական ուղղությամբ ՀՀ-ն պետք է աշխատի առաջին հերթին տնտեսական բաղադրիչը հարստացնելու ուղղությամբ՝ էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածվելով Իրանի համար՝ Պարսից ծոց-Սև ծով ուղղության վրա: