ՀԱՊԿ խորհրդի կազմում կլինեն նաև կառավարությունների ղեկավարներ. ԱԺ հանձնաժողովը կողմ է
Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօրվա իր նիստում դրական եզրակացություն տվեց օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:
Խոսքը «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրության վավերացնելու և «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերին է վերաբերում:
Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս դեպքում` կանոնադրությունում:
«ՀՀ-ում տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն, համաձայն որի` կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- պարզաբանեց նա: