23.12.2024
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբանները դիմելու են ՄԻԵԴ
15.04.2015
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբանները դիմելու են ՄԻԵԴ

«Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) հինգ անդամների կալանավորման իրավական հիմքերը կաղում են: Նրանց նկատմամբ հարուցած քրեական գործը քաղաքական աստառ ունի: Ըստ էության՝ ՀԽ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսին հայտարարեցին Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների փաստաբանները: Նրանք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կալանքի վերաբերյալ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով: Ապրիլի 7-ին իրավապահ մարմինները զանգվածային անկարգություն հրահրելու կասկածանքով ձերբակալեցին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ անդամներ Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին: Ձերբակալվածների բնակարաններում անցկացված զուգահեռ խուզարկաություններից հետո առաջադրվեց մեղադրանք ՀՀ Քրեական օերնսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում: Այնուհետև դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Գործի նյութերին ծանոթանալուց հետո փաստաբանները բացահայտել են, որ այն իրականում հարուցվել է փետրվարի 18-ին, իսկ փետրվարի 24-ին ձևավորվել է 29 հոգուց բաղկացած քննչական խումբ: ՀԽ անդամների դեմ սկսված հետապնդման գործընթացը, նշում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբան Տիգրան Եգորյանը, շարունակվեց դատարաններում, որտեղ դատավորները «փորձում էին անաչառ դատավարության պատրանք ստեղծել»: Փաստաբանի կարծիքով դատարանների որոշումները նախապես պատրաստված են եղել: «Կալանավորման մասին ընդունված 8-10 էջանոց որոշումները գրվել են 20-25 րոպեի ընթացքում, ինչը ֆիզիկապես անհնար է, և սա խոսում է այն մասին, որ որոշումները նախապես սևագրված են եղել», - հայտարարեց Եգորյանը՝ համոզմունք հայտնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները քաղաքական հետապնդման են ենթարկվում իրենց հայացքների համար: «Հիմնադիր խորհրդարանը» արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում իրականացնում է բողոքի ակցիաներ «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսով: Ընդդիմադիր շարժման անդամները նախատեսում են բողոքի ակցիաներ իրականացնել ապրիլի 24-ին, երբ Երևանում կանցկացվեն Ցեղասպանության 100-ամյա տերելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ, իսկ միջազգային մամուլի ուշադրությունը կենտրոնացված կլինի Հայաստանի վրա: Տիգրան Եգորյանը նաև հիշեցրեց, որ ՀԽ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն արդեն մեկ անգամ ենթարկվել է քաղաքական հետապնդման Քրեական օրեսնգրքի 301 հոդվածով՝ սահմանդրական կարգի բռնի տապալման կոչեր անելու մեղադրնաքով, և այդ կապակցությամբ կա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը: Փաստաբան Լուսինե Հակոբյանը, հղում կատարելով 2006 թ-ին Սեֆիլյանի նկատմամբ հարուցած քրեական գործին, նշեց, որ այժմ ներկայացված մեղադրանքը հնարավոր չի լինի պաշտպանել: Ըստ այդմ՝ փաստաբանը կարծում է, որ իշխանությունը վաղ թե ուշ հրաժարվելու է այս մեղադրանքից: «Հակառակ պարագայում մենք ունենալու ենք Եվրոպական դատարանի ևս մեկ որոշում, ինչի բացասական հետևանքները կրելու է ինչպես պետությունը, այնպես է մենք՝ հարկատուներս», - հայտարարեց Հակոբյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ժամանակին ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ կառավարությունը պարտավորվեց Ժիրայր Սեֆիլյանի օգտին որպես բարոյական հատուցում գանձել 6000 եվրո: Ասուլիսի մասնակից փաստաբան Արա Զաքարյանն անդրադարձավ իրավապահ մարմինների կողմից խուզարկությունների արդյունքում հայտնաբերած և առգրավված իրերին: Նրա համոզմամբ, ներկայացված ապացույցները բավարար չեն: «Քննությունն իրականացնող մարմինը ներկայացրել է դատարանին խուզարկության արձանագրություններ, ըստ որի՝ հայտնաբերվել և առգրավվել են փայտյա, մետաղյա ձողեր, թրեր, էլեկտրաշոկ և այլ առարկաներ: Հավատացնում եմ ձեզ, որ նմանատիպ առարկաններ ցանակացած անձի բնակարանում կարելի է հայտնաբերել: Այստեղ ես որևէ տրամաբանական կապ չեմ տեսնում, որ այդ ամենի հիման վրա կարելի է ասել, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ուղղությամբ», - նշեց Զաքարյանը: Նա նաև տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները գործը հարուցել են փետրվարի կեսերին, իսկ Երևանի քաղաքապետարանն ապրիլի սկզբին բավարարում է Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու դիմումը: «Իրավապահները պնդում են, որ «Հիմնադիր խորհրդարանը» նախապատրաստվել է զանգվածային անկարգությունների, ինչի մասին իրավապահ մարմիններն իմացել են փետրվարի կեսերին, սակայն քաղաքապետարանը թույլատրել է նրանց անցկացնել հանրահավաք ապրիլի 24-ին: Որտե՞ղ է տրամաբանությունը», - տարակուսանք հայտնեց նա՝ հավելելով, որ այս ամենը խոսում է միայն ՀԽ անդամների դեմ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին: Զաքարյանի համոզմամբ՝ իշխանությունները գնացին այս քայլին, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հնարավորություն չունենան ապրիլի 24-ին քաղաքական վերնախավի նկատամամբ «արտահայտել խիստ բացասական վերաբերմունք»: Ասուլիսի ընթացքում փաստաբանները անդրադարձան նաև ՀԽ անդամների ձերբակալության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, որում չի տրվում իրավական գնահատական, այլ ներկայացվում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների գործողությունների մասին տեղեկություն: Փաստաբաններին չի բավարարել օմբուդսմենի հայտարարությունը: «Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ոչ միայն բավարար չեն, այլև այնտեղ պարունակվում է թյուր տեղեկություն», - հայտարարեց Լուսինե Հակոբյանը: Չնայած փաստաբանների համոզմունքին, որ իրավական մեխանիզմներով դժվար է պայքարել «քաղաքական պատվերով հարուցած գործի դեմ», այնուամենայնիվ, նրանք վստահ են, որ պետք է սպառել կալանքի որոշման վիճարկման վերաբերյալ ներպետական ընթացակարգերը և դիմել ՄԻԵԴ: