Լիբման. ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին կբարդացնի Երևանի և Բրյուսելի համագործակցությունը
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կբարդացնի Երևանի համագործացկությունը Բրյուսելի հետ: EADaily-ի հետ զրուցում նման կարծիք է հայտնել Միջազգային խնդիրների Գերմանական SVP ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետազոտությունների խմբի գիտաշխատող Ալեքսանդր Լիբմանը:
«Երկիրն ուներ իրական հնարավորություններ զարգացնել կապերը ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում: Սակայն հաշվի առնելով աշխարհաքաղաքական պայմանները՝ վիճելի է, արդյոք ԵՄ-ի հետ համագործակցությունը (այն չափով, ինչքանով ԵՄ-ն դրան պատրաստ էր) իրականում կդառնար Հայաստանի աճի շարժիչ ուժը», - նշել է Լիբմանը: Նա հավելել է, որ Հայաստանը ստիպված էր ընտրություն կատարել Արևելյան գործընկերության և ԵՏՄ-ի միջև և ընտրեց վերջինը:
«Արդի քաղաքական իրավիճակում դա իհարկե բարդացնում է ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչը բավականին տխուր է», - նշել է նա: Լիբմանը նաև ընդգծել է, որ որոշ մարդիկ ԵՏՄ-ի հետ են կապում ավտորիտար համակարգերի համախմբման բացասական երևույթները, ինչն այս պահին նկատվում է Եվրասիայում: Իհարկե արտաքին գործոնները (այդ թվում և ռուսական ազդեցությունը) որոշակի դեր են խաղում այդ գործընթացում, իսկ թե ինչպիսի (հետխորհրդային երկրների ներքին էվոլյուցիայի տրամաբանության համեմատ) վիճելի է: Սակայն փորձագետի կարծիքով, այդ արտաքին ազդեցությունը ոչ մի կերպ կապված չէ ԵՏՄ-ի ձևաչափի հետ: «Այն զուտ տնտեսական միություն է: Այդպիսի ազդեցություն գոյություն կունենար նաև առանց ԵՏՄ-ի», - ճշգրտել է նա:
Հայաստանը պատրաստվում էր 2013թ.-ի նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Սակայն նույն թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը անդամացկելու է Մաքսային միությանը:
Մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արևելյան գործընկերության ծրագիրը տապալվեց, քանի որ այն անդամ-պետությունների առջև դնում էր հստակ աշխարհաքաղաքական ընտրության կատարման պահանջ՝ չտրամադրելով անվտանգության ոլորտում հստակ երաշխիքներ և տնտեսական փոխհատուցում, ինչը հատկապես կարևոր էր Հայաստանի համար, որն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում և շրջափակման է ենթարկվում Թուրքիայի կողմից: Արդյունքում, 2013թ.-ի նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր կնքեցին Վրաստանն ու Մոլդովան:
Վերջերս ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, ԵՄ-ի դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին: Նրա խոսքով, Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի համար Բրյուսելը ունի կոնկրետ գաղափար և ծրագիր: