25.11.2024
Վիգեն Սարգսյանը իր՝ վարչապետ նշանակվելու լուրերի մասին
prev Նախորդ նորություն

Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, Թուրքիայում իսլամականները, քեմալականներն ու ազգայնականները մեկ են դառնում. Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է աղմկահարույց ելույթից հետո իր հասցեին ուղղված քննադատությունների տարափն ու առաջացած իրարանցումը:

«Երբ խոսքը հայերի կամ քրդերի մասին է, իսլամականները (նկատի ունի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը- tert.am), քեմալականներն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ու ազգայնականները («Ազգայնական շարժում» կուսակցություն) Թուրքիայում մեկ են դառնում»,- գրել է Փայլանը:

Tert.am-ը հիշեցնում է, որ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հիշեցրել էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Փայլանը, մասնավորապես, նշել էր, որ երկրին անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրություն, որը կպաշտպանի Թուրքիայի բազմակրոն ու բազմաէթնիկ հասարակության բոլոր շերտերի իրավունքները:

Փայլանը հիշեցրել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

«Ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել են` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից: