25.11.2024
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը բլոգեր Լապշինի գործով դիմել է ՌԴ և Բելառուսի իր գործընկերներին
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը իր՝ վարչապետ նշանակվելու լուրերի մասին

Օրերս մամուլը գրել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017–ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Է։ Վերջինս, սակայն, նման լուրերը լրատվամիջոցների հնարքն է որակում՝ նմանատիպ աղմկոտ վերնագրերի միջոցով մեծ լսարան գրավելու նպատակով:

«Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ՊՆ Վիգեն Սարգսյանը նշել է, որ բոլոր այն հարցերը, որոնք հնչում են այս օրերին, հստակ պատասխաններ ունեն: Իսկ ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա, հիշեցրել է նա, երկրի ղեկավարը ՀՀԿ համագումարում շատ հստակ հնչեցրել է, որ ընտրություններում հաջողության դեպքում ՀՀ ապագա վարչապետը Կարեն Կարապետյանն է:

«Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի համամասնական ցուցակը, որը հրապարակվելու է կուսակցության խորհրդում և գործադիր մարմնում քննարկվելուց հետո, մեր քաղաքական ուժի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է, և նրանք, ովքեր փորձում են նոր վարկածներ առաջ քաշել՝ լսարանի հետևից ընկնելով են դա անում»,-ասել է նա:

Վիգեն Սարգսյանը նաև ասել է, թե ամենաերջանիկ մարդը կլինի, եթե ընտրություններում ՀՀԿ արձանագրած արդյունքը թույլ տա շարունակել ներկայիս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի.

«Այն է՝ ՀՀ զինված ուժերի կարողությունների ամրապնդում, պաշտպանունակության բարձրացում: Դրանից ավելի ինձ ոչինչ չի կարող հետաքրքրել»,-հավելել է նախարարը: