24.11.2024
Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանն օլիգարխներից 1-ական մլն դոլար է պահանջել
prev Նախորդ նորություն

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը բլոգեր Լապշինի գործով դիմել է ՌԴ և Բելառուսի իր գործընկերներին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին՝ խնդրելով իրավական գնահատական տալ Ալեքսանդր Լապշինի հետ կապված իրադարձությանը և օժանդակել վերջինիս իրավաբանական օգնության հարցում։

Փաստաբանների պալատը 2016թ. դեկտեմբերի 29-ին ձևավորել էր մասնագիտական աշխատանքային խումբ՝ փաստաբաններ Սիմոն Բաբայանի, Էմիլ Ամիրխանյանի, Տարոն Սիմոնյանի և Արայիկ Ղազարյանի կազմով։

Մասնագիտական խումբը գտել է, որ Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազի պահանջով անթույլատրելի է, քանի որ այն հակասում է միջազգային և Բելառուսի ներպետական իրավական ակտերի պահանջներին։

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հանձնման նպատակով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այցերի մասին գրառումներ էր կատարել իր բլոգում: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ զբաղվում է Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով:

«Մենք այդ հարցով զբաղվում ենք, մեր գործողությունների մանրամասներ, հասկանալի պատճառներով, առայժմ չենք կարողանում ներկայացնել», - ասել էր արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: