ՀԱՊԿ. Անթույլատրելի է կապել Բորդյուժայի հրաժարականը դեկտեմբերի 29-ի միջադեպի հետ
ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձ է կատարել վերջին ժամանակներս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին և նշել, որ դրանք «այնքան Էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը»:
Մասնավորապես, ինչպես նշվում է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրության մեջ, ԶԼՄ-ներում մեծ ուշադրություն է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին:
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն Էր հրավիրել այն բանի վրա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ և լուրջ մտահոգություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երևանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն ու անշեղորեն հետևում է այդ դիրքորոշմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում Է փաստաթղթում:
Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի համաձայն նրանց անվանումների կարգով»:
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որևէ փոփոխության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը «մտադիր է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ և հորդորում է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները»: