VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «
Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետ
Հրաչյա Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով այս մասին, ասաց. «Ուղղակի մենք մեր գործառույթները իրականացնում ենք ամբոջ ծավալով: Մեկին կարող է դա դուր չգա, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսը իրականացնում ենք»: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Ս. Սարգսյանն այս տարի հունվարի 5-ին անսպասելի մեկնեց արձակուրդ:
Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ երկրի նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 6-ին Էջմիածնում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին, մինչդեռ այս տարի Ս. Սարգսյանը ներկա չէր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա անսպասելի արձակուրդը կապված է առողջական խնդիրների հետ: Իսկ գուցե նրան մեկուսացրել են` հնարավոր վտանգը չեզոքացնելու համա՞ր»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարվա ընթացքում «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում է իրականացվելու Հայաստանում։ Թե որ ոլորտներում՝ դեռ հայտնի չէ:
Մեր աղբյուրների պնդմամբ, այդպիսի քաղաքական որոշում Է կայացվել Ռուսաստանի Դաշնության իշխանական վերնախավում, և դրա նպատակը
Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցության ցուցաբերելն Է։ Այդ աջակցության շնորհիվ Կարապետյանի դիրքերը Հայաստանի իշխանության մեջ և հանրության աչքում պետք է ամրապնդվեն։ Նկատենք, որ 300 միլիոնը այնքան Էլ մեծ գումար չէ մեր տնտեսության համար, սակայն եթե հաշվի առնենք, որ ամբողջ 2016 թվականի ընթացքում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը նույնիսկ դրա կեսը չի կազմել, ապա կարելի է ասել, որ այդ ներդրումը շատ «երևացող» կլինի և կծառայի իր նպատակին»,–գրում է թերթը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե պատրաստ է «ընդդիմադիր» ուժի հավակնություն ունեցող ևս մի դաշինքի նախընտրական ցուցակի առաջին մի քանի համարը։
Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և
Էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայտարարի դաշինքի մասին։ Դաշինքի հիմնական պատասխանատուն և համակարգումը կատարում է
Սամվել Բաբայանը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար օգտագործելով իր կապերը Հայաստանում, Ռուսաստանում և Արցախում՝ փորձում է հնարավորինս երևացող ներկայություն ապահովել դաշինքի համար։ Այս դաշինքին դեռևս կարող է միանալ նաև «Ժառանգության»–ը և
Ստեփան Դեմիրճյանը։ Վերջիններս դեռևս շարունակում են քննարկումները քաղաքական այլ ուժերի հետ»,–գրում է թերթը։
«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամսից պակաս ժամանակ, սակայն, չնչին բացառություններով, Հայաստանի քաղաքական դաշտում դեռևս, մեղմ ասած, որոշակիություն չկա՝ ինչպես են քաղաքական ուժերը մասնակցելու դրան։ Տևական ժամանակ է՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ բանակցում են իրար հետ նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ։ Բոլորը բանակցում են բոլորի հետ, բայց որքան շատ են նրանք բանակցում, այնքան ավելի է ընդգծվում այդ գործընթացի դատարկությունը, քանի որ գրեթե որևէ մեկը չի ասում, թե մասնավորապես ու հատկապես ինչի շուրջ են բանակցում ու հատկապես որ գաղափարի, տեսակետի, սկզբունքի վերաբերյալ ընդհանրություններ կամ տարաձայնություններ ունեն։
Չեն ասում ոչ թե՝ որովհետև գաղտնի է, այլ՝ որովհետև Հայաստանի քաղաքական կյանքում չկան գաղափարներ, տեսակետներ, սկզբունքներ, և ամեն ինչ հանգում է որևէ գնով ու որևէ կերպ խորհրդարանում հայտնվելու նպատակին։ Ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ քաղաքական օրակարգում չկա որևէ բանավեճ երկրի զարգացման այս կամ այն ուղղության, որևէ ռազմավարական հարցում այլընտրանքային մոտեցումների մասին, և բանավեճ կոչվածը հանգում է ընդամենը հաշվարկներին, թե որ ուժը որ ուժի ու ամենակարևորը՝ իշխանության հետ ինչպիսի պայմանավորվածության շրջանակում կհաղթահարի Ազգային ժողով անցնելու արգելքը։
Այսօրվա իրավիճակը հերթական անգամ, բայց շատ ավելի ընդգրկուն կերպով ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դատարկությունը, քաղաքականության բացակայությունն ընդհանուր առմամբ։ Տարիներ շարունակ իշխանությունների հետևողական ջանքերով ու ընդդիմադիրների հետևողական թուլություններով քաղաքականությունը հասցվեց ընդամենը մանդատակռվի մակարդակի, որը քաղաքականության՝ իշխանության երազած մակարդակն է։ Արդյունքում՝ ապրիլի 2-ին հասարակությունն ընտրություն է կատարելու իշխանության և իշխանության որոշած ոչ իշխանական ուժերի միջև, որոնց դեռևս իներցիայով անվանում ենք ընդդիմություն»,–գրում է թերթը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 26– ին դաշինքի երկու ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ
Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը այցելելու են Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, երեկոյան նախատեսված է մեծ հանդիպում լոսանջելեսահայության հետ։ Չի բացառվում, որ
Նիկոլ Փաշինյանը ևս առանձին այցելի Հյուսիսային Ամերիկայի հայահոծ քաղաքներ և ներկայացնի «Ելք» դաշինքի ծրագրերն ու նպատակները»,–գրում է թերթը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ
Սուրիկ Խաչատրյանին գահընկեց անելուց հետո Սիսիանի ՀՀԿ մարզային կառույցը նախօրեին նիստ է հրավիրել և փոխել կառույցի ղեկավար, Լիսկայի հովանավորյալ Սամվել Թանգյանին՝ ընտրելով Ջիվան Մարգարյանին։
Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկը Սյունիքում Ջիվան Մարգարյանն է՝ էլցանցերի պետը, որը 2015-ին ղեկավարել է սահմանադրական հանրաքվեի Սիսիանի ԱՅՈ-ի շտաբը։ Շտաբի պետի թեկնածուների պակաս այդ շրջանում չկար, իսկ Սուրիկ Խաչատրյանը պայքարում էր Թանգյանի օգտին, սակայն ՀՀԿ-ում Ջիվան Մարգարյանի օգտին որոշում կայացրին։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հարվածի տակ են նաև Գորիսի քաղաքապետը, հիվանդանոցի տնօրենը և ուրիշներ»: