23.12.2024
Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
22.04.2015
Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն այսօր՝ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: "Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ", - նշել է նա: Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած 1 և կես միլիոն հայերի հիշատակը: Խորհրդարանի նիստին պաշտոնապես հրավիրված էին և ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արման Կիրակոսյանը, հանձնաժողովի անդամներ: Նիստից հետո դեսպան Կիրակոսյանը հանդիպեց խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր 6 ուժերի նախագահների հետ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ավստրիացի խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման այս կարևոր քայլի համար: Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված է Ավստրիայի Ազգային խորհրդում հրապարակված «Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի կապակցությամբ» պաշտոնական հայտարարության տեքստը՝ հայերեն թարգմանությամբ, որում ասված է․ «Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից մեկևկես միլիոն հայերի դեմ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մենք հարգում ենք բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը, ինչպես նաև Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ-հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին: Ելնելով պատմական պատասխանատվությունից (Ավստրո-հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ)՝ մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել: Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվելու իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել: Այնպիսի ժամանակաշրջաններում, երբ միջազգային ճգնաժամային օջախները գնալով ավելի ու ավելի ուժգնացող սպառնալիք են ներկայացնում ազատ աշխարհին և նրա արժեքներին, հարկավոր է վճռականորեն հանդես գալ ընդդեմ ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքներին ու հալածանքներին: 100 տարի առաջ հայերի դեմ իրագործված հանցագործությունը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից որակվեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», հստակորեն ի ցույց է դնում հիշողության մշակույթի անհրաժեշտությունը: Քանի որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ մեր անբեկանելի արժեքների գիտակցությունը անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ: Ըստ այդմ՝ խորհրդարանական խմբակցությունների նախագահները պատրաստակամ են իրենց ընձեռված հնարավորությունների սահմաններում հետևողականորեն շարունակելու միջազգային հակամարտությունների կարգավորմանն առնչվող երկխոսությանն և հաշտեցմանն ուղղված և ապացուցված ավստրիական ուղին: Դա վերաբերում է նաև պատմական իրադարձություններին, որոնք սեպ են խրում ազգերի և պետությունների միջև, ինչպիսին Թուրքիայի և Հայաստանի պարագան է: Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջինս պետք է թափանցիկ վերամշակման նպատակով լույս սփռի իր անցյալի մութ անցքերի վրա: Հաշտեցման գործին նպաստելու նպատակով՝ սույնով մտադրություն է արտահայտվում ակտիվորեն սատարելու Թուրքիայի և Հայաստանի կողմից պատմական իրադարձությունների առերեսմանն և վերամշակմանը՝ որպես հաշտեցման առաջին քայլ ի նպաստ թուրք - հայկական հարաբերությունների և շատ ուշացած բարելավմանը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական հարթակում: 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը (European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of the Armenian Genocide (2015/2590(RSP)) - չվնասելով միջազգային իրավունքի պաշտոնական գնահատականը - ողջունվում է Ազգային խորհրդում ներկայացված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահների կողմից»: