25.11.2024
Երկխոսությունն Արևմտյան և Արևելյան ուղղություններով հակադրություն չի դիտարկվել. նախագահ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ». «Վերջին օրերին տնտեսության մասին հանրահռչակ մի քանի անձանց հայտնած մտքերը թերեւս ալեկոծեցին հայ տնտեսագիտական հանրության ներկայացուցիչների խաղաղ հոգիները: Դե հիշում եք չէ՞, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը հայտարարեցին, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդում, քանի որ նրանք, միեւնույն է, բացի կարտոֆիլից ուրիշ բան չեն ուտում:


Բայց այն, որ Սերժ Սարգսյանը տնտեսագիտության թեմաներով լիկբեզ անցկացրեց մեր գյուղացիների համար, մի տեսակ աննկատ անցավ: Խոսքը Դիլիջանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ նրա ունեցած ծավալուն ելույթի մասին է: Քչերը նկատեցին, որ Սերժ Սարգսյանը մի պարբերությամբ անդրադարձավ գյուղացիների աճեցրած ծիրանի գնագոյացման մեխանիզմին:


«Մթերողները գնում են, որպեսզի մթերեն, մարդիկ սկզբից մի գին են ասում, հետո, երբ տեսնում են՝ մթերվում է, երկրորդ գինն են ասում: Այդ մոտեցումն անհասկանալի է: Արտադրողը պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում եւ չնայի, թե Մոսկվայում խանութում այդ ապրանքը ինչ գնով է վաճառվում: ….Այսինքն, եթե իմ ծիրանն արժե, չգիտեմ, 400 դրամ, եւ դա ինձ համար շահավետ է, ուրեմն, ինձ համար միեւնույնը պետք է լինի, թե այդ ծիրանը Մոսկվայում 10 դոլարով է վաճառվում»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:


Չէ, ամեն ինչ ճիշտ է: Դասական տնտեսագիտության առումով այստեղ որեւէ սխալ չկա: Բայց…: Այստեղ կա մի մեծ ու թավատառ «բայց»: Արդյոք Սերժ Սարգսյանի մատնանշած գնագոյացման այս մեխանիզմը ազդո՞ւմ է նաեւ իր մտերիմ օլիգարխների վրա: Հենց իրար ենք միացնում «Սերժ Սարգսյան», «մտերիմ», «օլիգարխ» բառերը, ակամայից մեր առաջ, բնականաբար, հառնում է Սամվել Ալեքսանյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանը տասնամյակից ավելի է՝ ասոցացվում է շաքարի մոնոպոլիայի հետ:


Եվ հիմա տեսնենք, թե որքանով են Սերժ Սարգսյանի առաջ քաշած մոտեցումները հոգեհարազատ Սամվել Ալեքսանյանի համար: 2016 թվականի կեսերից սկսած՝ Հայաստանում թանկացավ շաքարավազը: Եթե փետրվար-մարտին մեկ կիլոգրամ շաքարը արժեր 355-360 դրամ, ապա տարեվերջին այն արդն 400 դրամ էր: Դա բացատրվեց նրանով, որ համաշխարհային շուկայում շաքարը թանկացել է: Իրոք թանկացել էր: Բայց եթե նայենք պաշտոնական տվյալներին, համաշխարհային շուկայում շաքարի թանկանալը որեւէ կերպ չէր ազդել Սամվել Ալեքսանյանի ներկրած շաքարի, կամ ինչպես ինքն է պնդում, շաքարի հումքի գնի վրա: Ըստ ՀՀ Պետեկամուտների հրապարակած տվյալների, եթե 2015 թվականին ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել էր 40 ցենտ, ապա 2016-ին՝ 37 ցենտ: Այլ կերպ ասած, ի հեճուկս համաշխարհային շուկայում տեղի ունեցած թանկացումների, Սամվել Ալեքսանյանի վրա իր բերած շաքարը ավելի էժան էր նստել՝ մոտ 7.5 տոկոսով: Սակայն ներքին շուկայում շաքարը թանկացել էր 12.5 տոկոսով: Մի կողմ թողնենք այն, որ Ալեքսանյանը դրա շնորհիվ չպատճառաբանված ու չհիմնավորված շահույթ էր ստացել՝ օգտվելով իր ունեցած մոնոպոլ դիրքից:


Այս պահին խոսքը դրա մասին չէ: Խոսքն այն մասին է, թե որքանով է սա տեղավորվում Սերժ Սարգսյանի՝ գյուղացիներին ուղղված տնտեսագիտական լիկբեզի տրամաբանության մեջ: «Մարդիկ գնում են, որպեսզի խանութից շաքար գնեն, վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) սկզբից մի գին է ասում, հետո մի ուրիշ գին է ասում: Այդ մոտեցումը անհասկանալի է: Վաճառողը (Սամվել Ալեքսանյանը) պետք է տեսնի, թե ինքը ինչ շահույթ է ակնկալում… Այսինքն, եթե իմ շաքարը արժի 355 դրամ եւ դա ինձ համար շահավետ է, ուրեմն ինձ համար միեւնույնը պետք է լինի, թե Լոնդոնի բորսայում շաքարը որքանով է թանկացել»:


Մոտավորապես այսպես պետք է հնչեր Սերժ Սարգսյանի ելույթը շաքարի չհիմնավորված թանկացման վերաբերյալ: Ու դա նույնպես լրիվ ճիշտ ելույթ կլիներ: Բայց նման ելույթ Սերժ Սարգսյանը երբեք չի ունենա: Իրենց աճեցրած ծիրանը մթերողներին հնարավորինս թանկ վաճառելու ցանկություն ունեցող գյուղացիների վրա մուննաթ գալը ուրիշ է, իր մտերիմ օլիգարխին տնտեսագիտական թեմաներով լիկբեզ անելը՝ ուրիշ: Վերջինս կարող է մի օր էլ նեղանա ու ՀՀԿ-ի համար քիչ ձայն բերի:


Ի դեպ, նախորդ օրը պարզվեց որ Սամվել Ալեքսանյանն էլ պակաս լիկբեզ անողը չէ. «Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»,- ասել էր Ալեքսանյանը: Հիմա բիզնես հանրությունը պետք է կողմնորոշվի, թե ով է ավելի լավ բիզնես դասեր տալիս՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Սամվել Ալեքսանյանը: Իրավիճակի հմայքն այն է որ նրանք լրիվ հակառակ բաներ են սովորեցնում»,- գրում է թերթը:


«Ժողովուրդ». «Հանրապետության նոր նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ երկրի նախագահին հաջորդ տարվա ապրիլին ընտրելու է հայրենի խորհրդարանը: Եվ ԱԺ-ում առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեն պատգամավորների 3/4- ը, կամ նույնն է, թե 79 օրենսդիր: Բայց ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիոն խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր, և իրենց թեկնածուին անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու ևս 14 պատգամավորի քվե:

Ինչպես հայտնի է՝ «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31: «Ելք» խմբակցությունը երեկ մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, և որ այդ խնդրի շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ առաջիկայում բանակցություններ կսկսեն: Բայց եթե անգամ այս երկու ուժերը համաձայնության գան, այդ դեպքում նաև նրանց թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, քա­նի որ նրանք էլ ունեն անհրաժեշտ 79-ի փոխարեն 40 մանդատ: Եվ համաձայն նոր Սահմանադրության 125 հոդվածի՝ այդ դեպքում անցկացվելու է նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ թեկնածուին ընտրելու համար պետք է պատգամավորների 3/5-րդը կողմ քվեարկի, այսինքն՝ 63 հոգի: Այս դեպքում արդեն ՀՀԿ-ՀՅԴ ձայները միանգամայն բավարար են լինելու՝ 2-րդ փուլով նա­խագահ ընտրելու համար: Այնպես որ, մեր երկրում ՀՀ սիմվոլիկ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով, թե երկու, մեծ հաշվով կախված կլինի «Ծառուկյան» խմբակցության պահվածքից»,- գրում է թերթը:


«Ժամանակ». «Հայաստանի խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց օրինագիծը, որը կարող է նոր ջրբաժան անցկացնել ազգային արժեքներ դավանողների, ազգային ընտանիքի կողմնակիցների և ժամանակակից հարաբերությունների ու եվրաարժեքների նվիրյալների միջև: Հաջորդ շաբաթ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում պետք է քննարկվի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որից հետո այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Այդ փոփոխություններն անդրադառնում են երեխայի իրավունքների պաշտպանությանը, երեխաների որդեգրմանը, ծնողական իրավունքներից զրկելու հիմնավորումներին, որոնցից շատերը տարբեր մեկնաբանության առիթ կարող են տալ»,- գրում է թերթը:


«Ժամանակ». «Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաեւ Արցախը: Գնաճ նկատվում է նաեւ արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում, եւ բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաեւ Արցա­խին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաեւ Արցախի վրա»,- գրում է թերթը: