23.12.2024
Իրանի ռազմածովային ուժերը կրակ են արձակել և կալանավորել ամերիկյան բեռնատար նավը
29.04.2015
Իրանի ռազմածովային ուժերը կրակ են արձակել և կալանավորել ամերիկյան բեռնատար նավը

Իրանի ռազմածովային ուժերը կրակ են արձակել Պարսից ծոցում ամերիկյան բեռնատար նավի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Ռիա-Նովոստին` հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաընկերությանը: Իրանցի զինվորականներն ուղեկցել են նավն Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգիստ: Նախնական տվյալներով, նավում գտնվում է ԱՄՆ-ի 34 քաղաքացի: Ալ-Արաբիայի տվյալներով, կալանավորման պատճառը նավի՝ իրանական տարածքային ջրերում գտնվելն էր: Իր հերթին, իրանական FARS գործակալությունը հայտնում է, որ նավը կալանավորել են իրանական կողմի ֆինանսական պահանջների պատճառով: Լրագրողների տվյալներով, մինչև կալանավորումը նավի ուղղությամբ մի քանի նախազգուշական կրակահերթ է արձակվել: Մեկ այլ վարկած են առաջ քաշել ամերիկյան ԶԼՄ-ները: CNN-ը հղում կատարելով Պենտագոնի բարձրաստիճան աղբյուրին նշել է, որ Maersk Kensington Tigris նավը նավարկում էր ամերիկյան դրոշի ներքո: Պենտագոնի ներկայացուցիչը ճշգրտել է, որ Իրանը կալանավորել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը Հորմուզի նեղուղում: Նրա խոսքով, Դանիայում տեղակայված Maersk Line ընկերությանը պատկանող նավում ամերիկյան քաղաքացիներ չկան: Բեռնատար նավը օգնության կանչ է արձակել, որին արձագանքել են ամերիկյան ռազմական ինքնաթիռները և Farragut ավիակիրը: Պենտագոնի տվյալներով, նրանք հետևում են իրավիճակին: Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորրենը Ալ-Արաբիայի համար հաստատել է նավի կալանավորման մասին լուրը: Նա նշել է, որ նավը իրանցիները աբորդաժի են վերցրել: Ըստ նրա, հրամանատարությունը ամերիկյան ավիակիր և ինքնաթիռներ է ուղարկել իրավիճակի մոնիթորինգի համար: Մարշալյան կղզիները ԱՄՆ-ից անկախացել են 1986թ.-ին, սակայն ԱՄՆ-ը շարունակում է պատասխանատվություն կրել նրանց պաշտպանության և անվտանգության համար: Այդ պատճառով ԱՄՆ-ն միջամտել է այդ միջադեպին: Միջադեպը կարող է բացասաբար անդրադառնալ Իրանի և Արևմուտքի միջև առանց այդ էլ բավական բարդ բանակցությունների ընթացքի վրա՝իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Նավթի գները մեկ բարելի համար 56 դոլարից աճել են հասնելով 58 դոլարի՝ միջադեպի մասին տեղեկատվության ֆոնին, փոխանցում է Reuters-ը: