Թրամփի վարչակազմը կարող է խափանել Boeing ու Airbus օդանավերի վաճառքն Իրանին. WSJ
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարությունը կարող է խափանել իրանական ավիաընկերություններին հարյուրավոր օդանավեր վաճառելու՝ Boeing ու Airbus ընկերությունների ծրագրերը:
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, խնդիրը Սիրիական հակամարտությունն է: Թրամփի վարչակազմը մտահոգված է, որ իրանական ավիաընկերությունները նոր օդանավերը կարող են օգտագործել զենքն ու զինվորականներին Սիրիա ուղարկելու համար։
Նշվում է, որ Թրամփին կարող են առաջարկել վարվել մի քանի տարբերակով՝ վաճառքի արգելք ու կոշտ պայմանների ներդրում, որոնք կարող են խանգարել օդանավերի մատակարարումներին։
Այս որոշումը կարող է ազդել նաեւ Իրան եվրոպական Airbus կոնցերնի օդանավերի մատակարարումների վրա: ԱՄՆ-ն կարող է դրանք կասեցել՝ ամերիկյան արտադրության բաղադրիչների չափից մեծ քանակության պատճառով։
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» 2015-ի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման հարցում՝ կնքելով Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր, որի կատարման դեպքում չեղարկվում են Իրանի նկատմամբ գործող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները։
Նշենք, որ անցած տարի իրանական Iran Air ավիաընկերությունը ամերիկյան Boeing–ի հետ կնքել էր 80 օդանավերի մատակարարման պայմանագիր։ Ծրագրվում էր, որ Iran Air –ը կստանա այդ օդանավերը առաջիկա 10 տարիների ընթացքում։