25.11.2024
Ժամանակը դեռ չի եկել, երբ կգա` կհայտարարեմ. Սերժ Սարգսյանը 2018-ի մասով որոշում դեռ չունի՞
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահն ընդդեմ Լատվիայի. Տարակուսելի ու անհասկանալի է Լատվիայի դիրքորոշումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ:  


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այն նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերությունների պատմության մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից է:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը՝ ընդգծելով, որ այդ պետությունը հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից եւ նախապայմաններ է դնում հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը եւս անընդունելի է:


Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՀՀ տեսակետն այս հարցում համահունչ է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը.


«Ինչպես Մինսկի խումբը, Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը, աղավաղելով իրականությունը, փորձեր է անում առանձնացնել տարածքային ամբողջականությունը: Տարակուսելի ու անհասկանալի է, որ ԵՄ անդամ որոշ երկրներ, այդ թվում Լատվիան, Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել, որտեղ երեք հայտնի սկզբունքներից առանձնացվում է տարածքային ամբողջականությունը: Սա հակասում է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, որը եւս մեկ անգամ հաստատեց ԵՄ-ն նոյեմբերի 24-ին»,-ասել է պարոն Շարմազանովը:


Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: