Գագիկ Ծառուկյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր դարձյալ տեղափոխվել էՔննչական կոմիտե՝ հարցաքննության: Այդ մասին VERELQ–ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված»,- տեղեկացրեց Տոնոյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Ըստ Քննչական կոմիտեի՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանն օժանդակել են Ծառուկյանին:
Պաշտպանական կողմը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ կապ չունեն և չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը: