26.06.2026
Չեխիայում տեղյակ չեն եւ չեն արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին. ԱԳՆ
20.09.2017
Չեխիայում տեղյակ չեն եւ չեն արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին. ԱԳՆ

Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Այս մասին «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել է Չեխիայի ԱԳՆ-ից: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը վերջին օրերին հայտնել են, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: Ապա Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը: Նախարարությունն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար: Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին: «Ազատությունը» համապատասխան նամակով դիմել է նաև Չեխիայի Արդյունաբերության և առևտրի նախարարություն և մոտ ապագայում ակնկալում է այդ գերատեսչության պատասխանը: