ԱՄՆ Սենատում ներկայացվել է Վրաստանին հակատանկային համալիրների վաճառքն արգելող օրինագիծ
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ հրթիռների վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու մասին օրինագիծ:
Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, բանաձեւը ներկայացրել է իշխող հանրապետական կուսակցության կոնգրեսական Փոլ Ռենդը: Օրինագիծը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի կայքում:
ԱՄն հանրապետական կոնգրեսական Փոլ Ռենդը բանաձեւի նախագիծը ներկայացրել է դեկտեմբերի 7-ին: Երկու անգամ ընթերցվելուց հետո այն փոխանցվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:
Բանաձեւով առաջարկվում է մերժել Վրաստանին 410 միավոր Javelin հակատանկային հրթիռ եւ 72 միավոր արձակման կայան վաճառելու մասին որոշումը:
Համաձայն ԱՄՆ-ում գործող ընթացակարգի՝ եթե Կոնգրեսը հավանություն տա բանաձեւին եւ ԱՄՆ նախագահն էլ վավերացնի՝ ապա Վրաստանին այդ համակարգերը չեն վաճառվի: Դրա հավանականության մասին առայժմ վաղ է խոսել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն էր տվել Վրաստանին Javelin համալիրներ վաճառելու մասին որոշմանը: Այն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում:
Հավելենք, որ Փոլ Ռենդն իր թեկնածությունն էր առաջադրել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից մասնակցելու համար, բայց ներթեկնածուական պայքարում պարտվել էր: