Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը բարձրացրել է երկրի մեջլիսում: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասցեագրված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս, գրում է Ակոսը:
«Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու նպատակով 1863-ի հայկական կանոնակարգի (Հայ ազգային սահմանադրության-EH), Լոզանի պայմանագրի և կանոնների համաձայն 2017-ի մարտի 15-ին արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին ընտրել են տեղապահ: Տեղապահը կրկին, համաձայն կանոնների, սկսել է պատրիարքի ընտրությունների գործընթացը: Դրանից հետո պատրիարքության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ներքին գործերի նախարարություն գրություններ է ուղարկվել:
Տեղապահ Գարեգին Բեքչյանի ստորագրությամբ վերջին նամակը հոգևոր խորհրդի կողմից Ստամբուլի նահանգապետարան է ուղարկվել 2017-ի հուլիսի 9-ին: Սակայն այդ գրություններից որևէ մեկին պատասխան չի տրվել: Այն դեպքում, երբ 2 փուլով ընտրությունների անցկացման ամսաթվեր էին առաջարկվում դեկտեմբերի 10-ը և 13-ը:
Մամուլում հայտնված պնդումների համաձայն՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է. «Պետությունը Գարեգին Բեքչյանին չի ճանաչում որպես պատրիարքի տեղապահ, պետք է Ստամբուլի մյուս երկու եպիսկոպոսների միջև ընտրություն անցկացնել»:
Համայնքին անհանգստացնում է պատրիարքի ընտրությունների՝ տարիներով շարունակվող ձգձգումը և պետության միջամտությունը հայ համայնքի իրավունքը հանդիսացող ընտրության կազմակերպման գործին: Հետևաբար.
1. Ո՞րն է պետության կողմից Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին միջամտելու հիմքը:
2. Արդյո՞ք պետությունը գործընթացին անում է այն միջամտությունը, ինչի մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը:
3. Ո՞րն է ընտրության գործընթացի ձգձգման պատճառն այն դեպքում, երբ հայ համայնքի ներսում դրա սկսելու վերաբերյալ համաձայնություն կա:
4. Պատրիարքի ընտրությունների ձգձգման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանում կատարած հայտարարությունն այն մասին, թե Արևմտյան Թրակիայում մուսուլմանները չեն կարողանում մուֆթի ընտրել:
5. Ե՞րբ է վերջ դրվելու հայոց պատրիարքի ընտրությունների հարցում համայնքի համար խոչընդոտներ ստեղծելուն:
Ավելի վաղ Կարո Փայլանը պատասխանել է Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռեւս չի կարողանում մուֆթի ընտրել: «Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մուֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետեւյալը. Թուրքիայի կառավարությունն արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքն իր համար պատրիարք ընտրի: Հոգեւոր դպրոցները փակ են: Պատրիարքի կարգավիճակ չկա: Էլի թվարկե՞մ»,- թվիթերի իր էջում գրել է Փայլանը:
Պոլսում ոչ մի կերպ չի հաջողվում հայոց նոր պատրիարք ընտրել: Ընտրության գործընթացը կազմակերպում է տեղապահ Բեքչյանը, որին որպես տեղապահ չեն ընդունում Թուրքիայի իշխանությունները: Ստամբուլի նահանգապետարանը, օրինակ, անպատասխան է թողել նրա նամակը, փոխարենն ընդունելով հայ եկեղեցականների պատվիրակությանը` առանց Բեքչյանի:
Բեքչյանի դեմ եղած տրամադրությունների մասին խոսել է նաեւ Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:
Նոյեմբերի 20-ին տեղապահը նամակներ է հղել Թուրքիայի նախագահին եւ ներքին գործերի նախարարին:
Եվ Ակոսն է հոդված հրապարակել` նշելով, որ Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ձգձգումը տեղի հայ համայնքին վաղուց պահում է լարվածության մեջ, ապա բարձրացնելով մի քանի հստակ հարցեր: