Վարչապետը մասնակցել է 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացմանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացման արարողությանը:
Կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ: Շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3.5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է 750-800 հազ. ԱՄՆ դոլար: Շինարարության ընթացքում ստեղծվել է 70 աշխատատեղ, աշխատակիցները ներգրավվել են հարակից համայնքներից և գյուղերից:
Կառավարությունից հաղորդում են, որ կայանը բաղկացած է 3124 պոլիկրիստալային արևային վահանակներից և 37 արևային ինվերտորներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից: Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն: Վարչապետը ողջունել է կատարված աշխատանքը՝ նշելով, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, ու արևային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին: