24.11.2024
Վարչապետը մասնակցել է 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացմանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը հեռանում է. հաշված օրեր են մնացել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ եւս երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի եւ ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից: Ավելին` Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը նկատի ունենալով` կարելի է պնդել, որ նոր նախագահի ընտրությունները սարերի հետեւում չեն: Նոր Սահմանադրությամբ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 1-ից 10-ը: Իսկ նախագահի թեկնածուների առաջադրումը լինելու է փետրվարի 18-ից 28-ը:


Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 211 հոդվածի համաձայն` նոր լիազորություններով նախագահի առաջին ընտրությունները պետք է տեղի ունենան գործողի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածով սահմանվում է, որ նախագահի թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ: Ուստի հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում դեկտեմբերի վերջից մինչեւ հունվարի կեսերը ամանորյա տոների շրջան է, հետեւաբար կարող ենք ասել, որ կոալիցիոն մեծամասնությունը եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու հարցում կողմնորոշվելու համար մեկ ամիս ժամանակ են ունենալու:


Ինչու այս երկու ուժերը, որովհետեւ ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` նախագահի թեկնածու կարող են առաջադրել պատգամավորների առնվազն մեկ քառորդը: Տվյալ դեպքում ստացվում է, որ նախագահի թեկնածու կարող է առաջադրել իշխող կոալիցիան` իր 65 պատգամավորներով, եւ «Ծառուկյան» խմբակցությունն` իր 31 օրենսդիրներով: Իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի եւ առաջին փուլով կընտրվի 79 (պատգամավորների առնվազն 3/4-ը) եւ ավել ձայն ստացած թեկնածուն: «Ժողովուրդ» օրաթերթի փորձերը՝ իմանալու, թե նշված ուժերից ով ում թեկնածությունը կառաջադրի, առայժմ ապարդյուն անցան` «որոշում չունենք» պատասխանով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին ժամանակներս Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերմունքը առ վարչապետ Կարեն Կարապետյան կտրուկ փոխվել է, ինչպես ասում են, դբա լավը: Այն հատկապես ցայտուն էր 2018–ի բյուջեն խորհրդարանում քննարկելիս: Պապից ավելի կաթոլիկի նման ՀՅԴ խմբակցությունը ՀՀԿ–ից ավելի ջերմեռանդ էր պաշտպանում վարչապետին ու նրա ներկայացրած ծրագիրը: Մեկը մեկին հերթ չտալով` գովաբանում էին Կ. Կարապետյանին: Իսկ ոչ վաղ անցյալում, ընդամենը ամիսներ առաջ նույնիսկ նախարարների մակարդակով «դժվարանում էին» բարեւել վարչապետին:


«Փաստի» աղբյուրի վկայությամբ, պատճառն այն է, որ դաշնակցությունը գրեթե համոզվել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն չունի 2018 թվականի ապրիլից հետո կոնկրետ վարչապետի աթոռին նստելու: Բայց չէ, ՀՅԴ–ն չի քծնում, երբեք չի քծնում: Խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավում մտածում են. եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, պառլամենտում ՀՅԴ–ից ավելի հզոր կուսակցությունը ամենայն հավանականությամբ կոալիցիա կկազմի ՀՀԿ–ի հետ, ու ՀՅԴ–ն կհայտնվի լուսանցքում: Իսկ Կարեն Կարապետյանի դեպքում հույս ունեն իրենք կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ: Բայց այս ամենը նրանք անում են խիստ զգուշությամբ ու մտավախությամբ: Որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը, Կարապետյանի վարչապետության օրոք, նույն պառլամենտական հզոր ուժը չի գնա համաձայնության նաեւ վարչապետի հետ: Չնայած չի բացառվում նաեւ, որ այդ ուժը երկու դեպքում էլ չհամագործակցի իշխանությունների հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունելու է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը: Հանդիպման թեման լինելու է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը եւ դրանով ստանձնած պարտավորությունների իրականացնումը: Բայց սա միայն պաշտոնապես: Ասում են, որ եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ նրանք գրեթե երեք ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստանում լինելու համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ–ում աշխատելը շատերի համար ոչ միայն «պրիստիժ է» եղել, այլեւ՝ շահավետ: Օգուտներից հատկապես ամենաուշագրավն ամանորյա տոներից առաջ, այսպես ասած՝ Ձմեռ Պապի կողմից «տրվող» նվերի տոպրակներն են եղել, որի պարունակությունը տարբեր հաշվարկներով, մոտ 15–ից 20 հազար դրամ է կազմել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն, որոշել է խախտել այս «ավանդույթը», համարելով, որ «խորհրդարանը մալաթիայի յարմարկան չի»: Փաստորեն, երկար տարիներ օրենսդիրները ոչ միայն մանդատներն են տոնավաճառի «ապրանք» դարձրել, այլ ընդհանրապես այս կարեւորագույն կառույցին վերաբերվել են որպես տոնավաճառի: Եվ այդկերպ, տարիներ շարունակ արել են, ինչ ուզել են: Մեկի բիզնեսի առաջխաղացմանն են օգնել, մյուսի գործն են «դասավորել» եւ որպես փոխհատուցում լավության դիմաց ամանորյա «տոպրակներ» բաժանել ու լավամարդ դարձել:


Փաստորեն, դա է պատճառը, որ չխոսկան պատգամավորները այդ անցուդարձին մոտիկ լինելու համար ամեն ընտրություններից առաջ մի փեշ գումար են ծախսել, միայն թե պատգամավորի մանդատ ստանան ու այդ կռուգից դուրս չմնան: Ու հիմա, կարծես կամաց–կամաց «հին ավանդույթներն» արմատախիլ անելու ժամանակներն են վրա հասել: Եվ այս տարի ոչ միայն տոպրակներ բաժանելու վերջը կդրվի, այլեւ՝ ԱԺ–ի բակում տոնական տոնածառ դնելու եւ միջոցառումներ կազմակերպելու: Այսպիսով, ԱԺ նախագահը որոշել է կոռուպցիայի դեմ պայքարում իր մասնաբաժինն այսկերպ ընդգծել, քանի որ բոլորին էլ պարզ, թե միջոցառումներ «կազմակերպելն» ընդհանրապես ինչքան եկամտաբեր «զբաղմունք» է: Այսինքն՝ փող լվանալու առիթ:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը` Ծաղկաձորում: Հիշեցնենք, որ նախագահն ու վարչապետը, որպես կանոն, հանդիպում են Աղվերանում։ Բայց ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր, ըստ մեր զրուցակից գործարարի, գլխավոր հարցադրումները կվերաբերեն հարկման շեմին, շահութահարկին, ինչպես նաեւ` կիրառվող վարչարարության մեթոդներին։ «ՊԵԿ-ն ամեն վայրկյան կարող է մտնել եւ ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով. այն է` մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանություններ, այդ ժամանակ թող գան` ստուգեն»,- բացատրեց մեր զրուցակիցը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` Մխիրթար Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունը բարձրացրել է բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը, բայց ընտրողաբար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 30-40 տոկոսով բարձրացվել է աշխատակիցների մի մասի աշխատավարձը, իսկ մյուսները շարունակելու են «յոլա գնալ» եղածով: Տեղի ունեցածը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց հիվանդանոցի լրատվական ծառայություն, որտեղից ի պատասխան` նշեցին. «Համալսարանի ղեկավարության կողմից վերանայվում է համալսարանական հիվանդանոցային համալիրի աշխատակիցների վարձատրության չափը, եւ ներկա պահին փուլային տարբերակներով իրականացվում են որոշակի բարձրացումներ: Առաջին փուլում հավելումների տեսքով բարձրացվել է հերթապահություն կատարող բժիշկների, քույրերի եւ մայրապետերի վարձատրության չափը՝ վերակենդանացման եւ վիրաբուժական բաժանմունքներում մոտ 30-40 տոկոսով: Մյուս բաժանմունքներում եւս աշխատավարձի հնարավոր հավելումների հարցը օրակարգում է եւ քննարկվում է բաժանմունքների ղեկավարների հետ՝ հաշվի առնելով ղեկավարության կողմից ներդրված որակական նոր չափանիշները եւ աշխատանքային ծանրաբեռնվածությունը»: