«Պատերազմը բացառված չէ». Երևանում կասկածում են Բաքվից հնչող «խաղաղ» ուղերձներին
Լուսանկարը՝ Սպուտնիկ
Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, թե Հայաստանի հետ պատերազմը օրակարգային չէ, Երեւանում մեկնաբանում են որպես քողարկված սպառնալիք և ոչ թե խաղաղության ցուցիչ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ», խորը անհանգստություն է առաջացրել Երևանում։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Facebook-ի իր էջում արձագանքել է՝ ընդգծելով, որ սա ոչ թե խաղաղության խոստում է, այլ հղի սպառնալիքով։
Զուրաբյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները խանդավառությամբ ներկայացնում են այս հայտարարությունը որպես խաղաղության ուղեգծի հաջողություն։ Սակայն, ըստ նրա, սա վտանգավոր ձևակերպում է, որով չի բացառվում պատերազմը, այլ ընդամենը ներկայացվում է որպես ոչ այսօրվա օրակարգ։ Նա շեշտում է, որ օրակարգը փոփոխվող հասկացություն է՝ ինչ այսօր օրակարգային չէ, վաղը կարող է դառնալ օրակարգային։
Զուրաբյանը նաև մատնանշում է, որ Հաջիևը որևէ բացատրություն չի տալիս վերջին օրերի սահմանային սրացման և կրակոցների վերաբերյալ՝ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ հայտարարված առաջընթացին։ Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է պահել պատերազմի հավանականությունը և որևէ իրական քայլ չի անում դեպի կայուն խաղաղություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ Զուրաբյանի, շարունակում է մոլորեցնել հասարակությանը՝ խոսելով իր՝ իբր ձեռք բերած դիվանագիտական հաջողությունների մասին։