Կրեմլը խոստովանում է՝ Մոսկվա-Բաքու հարաբերություններում բարդ շրջան է
Լուսանկար՝ Միխայիլ Գրեբենշչիկով, Աղբյուր՝ rbc.ru
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կառուցված են ամուր հիմքի վրա, թեեւ ներկայում առկա են լարվածություն և դժվարություններ։ Կրեմլը հույս ունի, որ կողմերը կվերադառնան կառուցողական փոխգործակցության։
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հարաբերությունները ներկայում գտնվում են բարդ փուլում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ երկու երկրների փոխգործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, շահերի համընկման և փոխադարձ օգտակարության վրա։
«Երբեմն լինում են բարդ շրջաններ, և այժմ հենց այդպիսի շրջանն է, սակայն մենք հույս ունենք, որ այն կհաղթահարվի», — նշել է Պեսկովը։ Նա նաեւ ընդգծել է, որ Կրեմլի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանում հարգանք ցուցաբերվի ռուսների հանդեպ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում ապրում է մեծաքանակ ադրբեջանական համայնք, որի ներկայացուցիչները հիմնականում օրինապահ քաղաքացիներ են և արժանանում են հարգանքի։
Լարվածությունը սկսվել է հունիսի 27-ին, երբ Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են ավելի քան 50 էթնիկ ադրբեջանցիների՝ 2001–2011 թվականներին կատարված սպանություններին հնարավոր առնչության կասկածանքով։ Ձերբակալվածներից երկուսը մահացել են, ինչն առաջացրել է ադրբեջանական կողմի դժգոհությունը։ Կողմերը փոխանակվել են դիվանագիտական բողոքներով։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Բաքվում գործող Sputnik ռադիոկայանի խմբագրությունում, ձերբակալել է ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։ Նրանք կալանավորվել են չորս ամսով։ Հուլիսի 1-ին Ադրբեջանում ձերբակալվել են նաև ութ ռուս քաղաքացիներ՝ մեղադրվելով թմրանյութերի առցանց վաճառքի և կիբերհանցագործությունների մեջ։