Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային միջամտությանը. ԱԳՆ
Լուսանկարը` MEHR NEWS
Թեհրանը կրկին ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը Հարավային Կովկասի հարցում՝ հակադրվելով արտաքին ուժերի ներգրավմանը և աջակցելով տարածաշրջանային պետությունների միջև ուղիղ երկխոսությանը։
Իրանը հետևողականորեն դեմ է արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը Հարավային Կովկասի զարգացումներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ նշելով, որ Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Բաղային վստահեցրել է, որ Իրանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Նա նշել է, որ իր երկիրը ողջունում է տրանսպորտային կապերի զարգացումը միայն այն դեպքում, երբ դրանք խթանում են տնտեսական աճին, չեն խաթարում պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չեն վերաձևում տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը։
Բաղային ընդգծել է, որ արտաքին խաղացողների ներգրավումը հակասում է տարածաշրջանի անվտանգության ու կայուն զարգացման շահերին։ Նա հավելել է, որ Իրանը ուշադիր հետևում է իրադարձություններին և ակտիվ կապի մեջ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։