Հայ Դատը դատապարտում է Գազայի պաշարման և սովամահության քաղաքականությունը
Գազայում անմեղ քաղաքացիների նկատմամբ շարունակվող բռնությունների խորապատկերին՝ Միջին Արեւելքի Հայ Դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է պաղեստինցի ժողովուրդի դեմ գործադրվող վայրագություններն ու լուրջ խախտումները։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջին Արեւելքի Հայ Դատի Հանձնախումբը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Քաղաքացիների՝ մանուկների, կանանց և տարեցների թիրախավորումը, տների, հիվանդանոցների և հիմնական ենթակառուցվածքների ոչնչացումը ոչ միայն միջազգային օրենքի ակնհայտ խախտումներ են, այլ կազմակերպված հանցագործություն՝ ամբողջ աշխարհի աչքի առջև կատարվող։
Միջին Արեւելքի Հայ Դատի հանձնախումբը միաժամանակ դատապարտում է շուրջ երկու միլիոն մարդու դեմ իրականացվող պաշարման և սովամահության քաղաքականությունը, ինչը զրկում է նրանց արժանապատիվ կյանքի իրավունքից։ Այս խմբային պատիժը, որն արգելափակում է սնունդ, դեղորայք, ջուր եւ էլեկտրականություն, փակում հիվանդների և մանուկների փրկության ճամփաները, մարդկության դեմ գործած հանցագործություն է, որի համար օրենքը պահանջում է պատասխանատվություն։ Այս ընթացքը ոչ մի արդարացում չի կարող ունենալ։
Միջազգային համայնքի անհասկանալի լռությունն այս աղետի նկատմամբ կասկածներ է հարուցում եւ հիշեցնում անուղղակի մեղսակցություն։ Երբ ջարդեր և դանդաղ մահվան քաղաքականություն է կիրարկվում, լռությունն, արդեն ինքնին, դառնում է անարդարության մեղսակից։
Միջին Արեւելքի Հայ Դատի Հանձնախումբը կոչ է ուղղում միջազգային համայնքին՝ իր բոլոր կառույցներին և կազմակերպություններին՝ անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկել՝ հարձակումները կասեցնելու, պաշարումը վերացնելու, քաղաքացիական բնակչության համար անմիջական պաշտպանություն ապահովելու եւ հանցավոր քաղաքականության պատասխանատուներին հանձնելու միջազգային արդարադատության։
Պետք է լսելի դառնա Գազայում ապրող մարդու ձայնը։ Պետք է կասեցվի սպանության մեքենան։ Պետք է պաղեստինցին վերագտնի իր արժանապատիվ եւ ապահով կյանքի իրավունքը։