Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»: Նման համոզմունք հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, գրում է «Արմենպրես»-ը։
Պապոյանն անդրադարձավ «Թրամփի ուղի» նախագծին, որի ստեղծման վերաբերյալ հռչակագիր են ստորագրել Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը:
Նա նշեց, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասում են տարբեր պատվիրակությունների. կլինի պատվիրակություն ամերիկյան կողմից, նաև թուրքական կողմից սպասվում է Սերդար Քըլըչի այցը, որը Թուրքիայի կառվարության հատուկ ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,–ասաց նախարարը:
Նա հավելեց՝ զուգահեռ ամերիկյան կողմը կգա, կծանոթանա, հողի վրա հաշվարկներ կիրականացնի: «Եվ կմտնենք պրակտիկ փուլ, որի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ»,-նշեց Պապոյանը:
Ըստ նրա՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»:
«Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ զարմանքի արժանի է, որ փակ սահմանների պայմաններում այսքան տնտեսական աճ է գրանցվել:
Տարբեր գնահատականներ կան, թե ապաշրջափակման դեպքում Հայաստանի տնտեսական աճը որքան կկազմի: Նախարարի խոսքով՝ հիմա հետազոտություններ են պատվիրել:
«Նաև ունենք հետազոտություն, որ Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն: Ապրանքներ կան, որոնք Հայաստանը ստիպված է ներմուծել, և դրանք Հայաստանում բավականին թանկ են: Եվ թանկ են այն պատճառով, որ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք»,-ասաց նախարարը: