24.11.2024
ԱՄՆ քաղաքացին փորձել է ահաբեկչություն իրականացնել ՀՀ տարածքում. նա հետախուզվում է. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ

ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակում  հանդիպել է Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:  


Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախությունն աշխարհում առաջինը ճանաչելու փաստը: Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նրանք երախտագիտություն են հայտնել լիտվացի խորհրդարանականներին` Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:


Կողմերը կարևորել են հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների առավել ակտիվ աշխատանքը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին. կողմերը կարևորել են հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:


Անդրադարձ է կատարվել նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, սեղմ ժամկետում, առանց ձգձգումների առաջինը կվավերացնի նաև ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը և հավելել, որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի:


«Լիտվան այն երկրների թվին է պատկանում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ մերձբալթյան մյուս երկրների խորհրդարանները կհետևեն Լիտվայի օրինակին: Ափսոսանքով նշեմ, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները ժխտողական քաղաքականություն են վարում: Ժխտողականությունը գրեթե հավասարազոր է ցեղասպանություն գործելուն: Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար պայքարել ցեղասպանությունների դատապարտման, ինչպես նաև թուրքական ժխտողականության դեմ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին 2018 թվականին հրավիրել է Հայաստան: