«Գազպրոմ Արմենիա»-ն երեք նոր մայրուղային գազատարներ կկառուցի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի նիստում քննարկել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:
Որոշում է կայացվել համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին` 32 396.7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է երեք նոր մայրուղային գազատարների կառուցում, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և ընդլայնման ծրագրի շրջանակներում՝ նոր ճնշակայանի և նոր գազահորի շինարարություն։ Նոր բաժանորդների ավելացմանն ուղղված միջոցառումների թվում՝ նախատեսվում է բնական գազի կենցաղային հաշվիչների, պաշտպանիչ արկղերի և ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային կափույրների ձեռքբերում։
Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների, համակարգչային, կազմակերպչական տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում։