22.12.2024
Մամուլի տեսություն. «Հարավկովկասյան երկաթուղու» սնանկացման մասին լուրերը մտացածին են
07.04.2015
Մամուլի տեսություն. «Հարավկովկասյան երկաթուղու» սնանկացման մասին լուրերը մտացածին են

Verelq.am-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն: «Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնին հավակնողների թիվը գնալով մեծանում է: Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր: Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ սպասում են ՀՀԿ-ի որոշմանը, կախված նրանից, թե ՀՀԿ-ն ում կառաջադրի քաղաքապետի պաշտոնում, ըստ այդմ էլ ավելի հստակ կդառնան իրենց անելիքները»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն փաստացի չի հերքում իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մտադրության մասին լուրերը: «Ժողովուրդ» օրաթերթը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ին ուղարկել էր հետեւյալ հարցումը. «Հայաստանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ձեր ընկերությանը պատկանող «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնեմասերը Դուք պատրաստվում եք վաճառել: Արդյո՞ք Ձեր ընկերությունը նման մտադրություն ունի, եւ ում կամ որ ընկերության հետ են բանակցություններ տարվում՝ այդ գործարքը կայացնելու նկատառումով»: Երեկ «Ժողովուրդ»-ը ստացել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նիկոլայ Գորելովի հետեւյալ պատասխանը. «Մենք չենք կարող մեկնաբանել Ձեր տեղեկությունը: Ցանկացած գործարք, որը որ իրագործվել է, անմիջապես պաշտոնապես այդ մասին հայտարարվում է»: Այլ կերպ ասած՝ մտադրությունը ո՛չ հերքում եւ ո՛չ էլ հաստատում են, սակայն գործարքը դեռեւս չի կնքվել, երբ կնքվի այդ մասին կհայտարարեն»: «Հայոց Աշխարհ» թերթը գրում է. «Մենք հայտարարել ենք, որ միայն քաղաքական լայն կոնսոլիդացիայի պայմաններում կգնանք մեկ տարբերակի՝ խորհրդարանական համակարգի մոդելի։ Այսինքն՝ Ազգային ժողով կներկայացվի մեկ նախագիծ, որն էլ հավանության արժանանալու դեպքում կդրվի հանրաքվեի։ Հակառակ դեպքում, եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնք կպնդեն գործող կիսանախագահական համակարգը կատարելագործելու տարբերակը, եւ թերուդեմ կարծիքները քանակական առումով կշեռքի հավասար նժարների վրա կլինեն, չի բացառվում, եւ հանրապետության նախագահն էլ հայտարարեց, որ Ազգային ժողովին կարող է առաջարկվել երկու տարբերակ՝ լրամշակված կիսանախագահական մոդելը եւ նոր առաջարկվող խորհրդարանական կառավարման համակարգը»,- մեր թղթակցին ասաց Վահրամ Բաղդասարյանը»։ «Հայոց Աշխարհ» թերթը գրում է. «Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե իբր «Հարավկովկասյան երկաթուղու» ֆինանսական վիճակը լավ չէ, եւ այդ ընկերությանը սպառնում է սնանկացում։ «Երեւում է, ոչ բոլորն են ուզում ընդունել երկաթուղու հաջողությունները՝ հատկապես նման ուժեղ մրցակցության պայմաններում», - մեր թղթակցին ասաց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։ «2014թ. արդյունքներով ստացել ենք ավելի բարձր շահույթ, քան նախատեսված էր տնօրենների խորհրդի որոշմամբ։ Մի բան, որ թույլ է տվել նվազեցնել անցած տարիներին կուտակված վնասները։ Այնպես որ այդ խոսակցություններին պետք չէ լուրջ վերաբերվել։ Դրանք մտացածին են եւ իրականության հետ կապ չունեն։ Մենք լիարժեք վստահ ենք մեր հնարավորություններին»,- նշեց Ռեբեցը»։