22.12.2024
Աղքատության ցուցանիշները անհանգստացնում են. վարչապետ
13.12.2017
Աղքատության ցուցանիշները անհանգստացնում են. վարչապետ

Աղքատության ցուցանիշները անհանգստացնում են։ Բայց հաստատ տեսնելու եք, թե ինչպես ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու՝ մեր ամբողջ գործունեությամբ, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղած: Այս մասին Արմավիրի մարզ այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա վարչապետը հիշեցրել է, որ իր հարցազրույցներում այդ հարցի պատասխանը տվել է: «Բազմիցս ասել եմ, որ կառավարության հաշվետվությունն ունի ձև, ամբողջ աշխարհի կառավարություններն այդպես են բացատրում, որքան է ՀՆԱ-ն, արտահանումը աճել, ներմուծումն աճել, առևտուրը և այլն: Այդ ցուցանիշներով` այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան կանխատեսել ենք»,-ասել է նա՝ համաձայնելով, որ այդ ամենը չի լուծում բոլոր խնդիրները: Կարեն Կարապետյանի խոսքով, «եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավել ցուցանիշ բռնենք, բոլոր խնդիրները չեն լուծվում՝ ոչ մի երկրում, անգամ ամենաբարձր աճի տեմպերի դեպքում, բոլոր խնդիրները չեն լուծվում»: Բայց հարցին, թե երբ շարքային քաղաքացին իր վրա կզգա դրական փոփոխությունները, Հայաստանի վարչապետը հստակ պատասխան չունի: Նա համոզված է՝ շարքային քաղաքացիների մի մասը զգում է, մի մասը` ոչ։ Ով չի զգում դա, արտահայտում է, ով զգում է՝ չի արտահայտվում, բայց սա է ճանապարհը. «Իսկ եթե այլ ճանապարհ գիտեք՝ հուշեք մեզ»,- հավելեց նա: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, ինչը նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը աղքատ է: