Բազմազավակ ընտանիքները պետք է լինեն պետության հոգածության ներքո. տոնը նաև խորհելու առիթ է
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամներն այցելեցին այսօր Արմավիր քաղաքի թվով տաս բազմազավակ ընտանիքներ: Ընտանիքներն ընտրվել էին պատահական սկզբունքով, բայց նրանց բոլորին համախմբում էր մեկ բան` սերը դեպի երեխաներ և հայրենիք, քանզի մերօրյա իրականության մեջ մեծ խիզախություն է պահանջվում ունենալ 5-7 երեխա:
Անակնկալ այցի կազմակերպիչ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշեց, որ նման ակցիա կազմակերպելու խորհուրդը շատ հստակ է` Հայաստանն այսօր դեմոգրաֆիական խնդրի առաջ է կանգնած և բնակչության աճի խթանման կարիք ունի, ու հատկապես բազմազավակ ընտանիքներն աջակցության և պետության հոգածության ներքո պետք է գտնվեն.
«Բազմազավակ մայրերը իսկապես հերոսներ են. այդպիսի ընտանիքները հերոսություն են գործում, երբ ունենում են չորս, հինգ և ավելի երեխաներ: Այդ իսկ պատճառով, այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մենք որոշեցինք շնորհավորել առաջին հերթին հենց բազմազավակ մայրերին` կարևորելով նրանց դերակատարումը երկրի կյանքում: Եվ մենք մեր շնորհակալությունը հայտնեցինք, որ շատ երեխաներ ունենալու որոշում կայացնելով, այն էլ տնտեսական ու սոցիալական նման բարդ պայմաններում, իրենք իրենց լուման են ներդրում Հայաստանի պետականության ամրապնդման և հզորացման գործում»,- նշեց Ղուկասյանը` ավելացնելով, որ այս նախաձեռնությունը լինելու է շարունակական:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ նման նախաձեռնությունների հաճախակի կազմակերպումը ու դրանց շարունակականությունը շատ կարևոր է համարում, և դրանց մեկնարկը հենց Մայրության և գեղեցկության տոնին հատուկ խորհուրդ է իր մեջ պարունակում.
«Այս գեղեցիկ միջոցառման շնորհիվ այսօր մենք հնարավորություն ստացանք ծանոթանալ և մոտիկից շփվել այդ ընտանիքների հետ, որոնց համար մեր այցն անակնկալ էր: Մենք զրուցեցինք նրանց հետ, տեղեկացանք այն խնդիրներին, որոնց ամեն օր առնչվում են բազմազավակ ընտանիքները: Այցը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ պետությունն ուղղակի պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել բազմազավակ ընտանիքներին, հատուկ ծրագրերով ու պետական միջոցառումներով աջակցել նրանց և չթողնել միայնակ իրենց խնդիրների հետ»,- ասաց Ծովինար Կոստանյանը: Նա նաև ավելացրեց, որ ՀԱՍԱԿ-ն իր գործունեության շրջանակում առաջնահերթություն կտա բազմազավակ ընտանիքներին և կաշխատի հնարավորինս աջակցել նրանց հետագայում:
Ակցիայի կազմակերպիչները ծաղիկներ նվիրեցին բազմազավակ մայրերին, ինչպես նաև քաղցրավենիք երեխաներին` նրանց օրը իսկապես տոնի վերածելով:
Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Կուսակցության գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար: «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը գործում է 2017 թվականից: Հիմնական գործունեությունն է վերլուծական – հետազոտական աշխատանքը: