19.09.2025
Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել են հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ
04.07.2018
Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել են հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հրավիրվել է հարցաքննության որպես վկա: Այս մասին կառավաարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, ապա ՀՔԾ պետը նշեց, որ նա երկրից բացակայում է: Նա նշել է, որ նախաքննության գաղտնիքը հաշվի առնելով շատ մանրամասներ չի ներկայացնի, բայց խոստացավ, որ քրեական գործերի մասով, որոնք գտնվում են ՀՔԾ վարությում, տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը: Լրագրողների հարցին, թե  մտավախություն չունի, որ Հարությունյանը և Քոչարյանը չեն ներկայանա հարցաքննության, Խաչատրյանն արձագանքեց, որ չի գաղտնազերծի իրենց  գործողությունների հաջորդականությունը: Իսկ ահա հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանն էլ հրավիրվի հարցաքննության՝ պատասխանեց. «Մենք որևէ կաշկանդվածություն չունենք կապված անունների ու պաշտոնյաների հետ: Հարցաքննության կհրավիրվեն բոլոր նրանք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված»: Հիշեցնենք, նախօրեին ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: