26.11.2024
Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելն ու ազատազրկելը Բաքվի հերթական ցինիզմն է. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն Իրան ուղարկեց մարդասիրական օգնության շարասյունը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը:


Օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը:


Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:


Բացման խոսքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատուհասած աղետն աննախադեպ էր իր չափերով և ծավալներով՝ շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան:


Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ հայկական կողմն աղետից անմիջապես հետո իր ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել տուժածներին:


Մարտի 28-ին կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ:


«Նույնպիսի տրամադրվածություն կար նաև ռուսական կողմի մոտ, և՛ Ռուսաստանի և՛ Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում, օգտագործելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները, մենք փորձում ենք փոքր-ինչ օգտակար լինել Իրանի Իսլամական Հանրապետությանը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:


Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընթացին մասնակցած բոլոր կառույցներին և հաջողություն մաղթեց դեպի Իրան ուղևորվող ԱԻՆ աշխատակիցներին:


Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանին «մարդասիրական զգացմունք ցուցաբերելու համար»:


«Այս օգնությունը մարդասիրության շատ խորհրդանշական նշան է»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:


Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր գոհունակությունը հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանն ունի բավական մեծ փորձ և իր ավանդն է ներդնում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար:


Դեսպանը նշեց, որ անցած տարի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության ղեկավարության՝ Հայաստան այցելության ընթացքում նախանշվեցին ակտիվ համագործակցության եզրերը՝ հույս հայտնելով, որ առաջիկա այցելությունների ժամանակ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:


«Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել հայկական և իրանական կողմերի՝ համապատասխան նախարարությունների միջև հարաբերությունները»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:


Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Իրանի մեջ գոյություն ունեցող հարաբերությունների վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած արդյունավետ այցն էր: