Այսօր հեռավոր մարզից ուղղաթիռով Երեւան տեղափոխվեց առաջին հիվանդը. Աշոտ Սարգսյան
Այսօր ուղղաթիռով տեղափոխվեց առաջին հիվանդը: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը:
«ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ:
Նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13 ամյա երեխայի մոտ վթարի հետեւանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:
Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվեց արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվեց դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:
Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին», - ասված է նրա գրառման մեջ: