22.12.2024
Վարչապետն ասաց ու արեց՝ 2019-ի հունվարից ամանորի արձակուրդները կրճատվեցին
14.12.2017
Վարչապետն ասաց ու արեց՝ 2019-ի հունվարից ամանորի արձակուրդները կրճատվեցին

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նախածննդյան տոները կրճատելու մասին փոփոխությունները, որոնց մասին դեռ անցած տարի ասել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այսպիսով, 2019 թվականի հունվարից հանգստյան օրերը կկրճատվեն և աշխատանքային տարին կմեկնարկի հունվարի 3-ից: Աշխատանքային կլինեն նաև հունվարի 4-ն ու 5-ը: Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց կառավարության անդամներին՝ առարկություն ունե՞ն: Առարկություն չկար: Այնուհետ Կարեն Կարապետյանն ծիծաղալով հորդորեց. «Այս Նոր տարին շատ ավելի գիտակցաբար կանցկացնենք՝ հասկանալով, որ հաջորդ Նոր տարին ավելի կարճ է լինելու»,- հորդորեց նա: 2019 թվականի  հունվարի 3-ն ու 4-ը կլինեն աշխատանքային՝ հինգշաբթի և ուրբաթ են, իսկ 5-ը, որն այսուհետ ևս աշխատանքային է համարվելու, շաբաթ օր է: Հիշեցնենք, որ իր այս մտադրության մասին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր դեռ անցած Ամանորից առաջ` 2016թ-ի դեկտեմբերին, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ։ Գործադիր մարմնում հիմնավորում են, որ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ «Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը եւ վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ եւ հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»,-ասված է հիմնավորման մեջ: Առաջիկայում, ըստ սահմանված ընթացակարգի, օրենքը կուղարկվի ԱԺ։ Իսկ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2018թ-ի հունիսի 1-ից, եւ հաջորդ Ամանորը կտեւի ընդամենը 3 օր։ Կառավարությունն ուսումնասիրել է այլ երկրների փորձը: Այսպես, աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոներն կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում եւ Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաեւ ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր: Հնդկաստանում `12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) եւ Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)։ «Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած եւ առավելեւս զագրացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,-ասված է օրինագծում: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը եւ պետական մակարդակով նշելուն եւ կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։