19.09.2025
Լուսանկարը՝ tert.am
prev Նախորդ նորություն

Մոնտեվիդեոյի Սահմանադրության հրապարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացրել է դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբելայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեն, Գերագույն դատարանի նախագահ Ջոն Պերես Բրիգնանին, Ազգային փոստի նախագահ Գաբրիել Բոնֆրիսկոն, գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:


«Դեսպան Մարիամ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ Անկախության տոնի խորհրդին՝ ընդգծելով, որ 34 տարի առաջ հայ ժողովուրդն իրականացրեց ազատ և ինքնիշխան ապրելու իր երազանքը: Ընդգծելով հայ-ուրուգվայական հարաբերությունների գերազանց մակարդակը և երկու ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը՝ ՀՀ դեսպանը կարևորեց վերջին տարիներին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ձեռքբերումները, բարձրաստիճան փոխայցելությունները:


Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման գործընթացին:


Ամփոփելով ելույթը՝ դեսպան Գևորգյանը գովասանքի և երախտիքի խոսքեր հղեց ուրուգվայահայ համայնքին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:


Միջոցառմանը պարային կատարումներով հանդես եկան «Շիրազ» և «Գայանե» պարային համույթները:


ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի արտոնմամբ՝ միջոցառման ընթացքում Սահմանադրության հրապարակը լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Նորագույն պատմության ողբերգությունը՝ 2023-ի սեպտեմբերի 19-ը
Հաջորդ նորություն next