Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը պատմական իրադարձություն է: Այն իր ձևի մեջ եզակի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Դեսպանի խոսքով, այսօրվա դրությամբ սա միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետության հետ և, ըստ նրա, համաձայնագրի առանցքն ու կարևորությունը հենց դա է՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարող է առանձնաշնորյալ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ: «Համաձայնագիրը համընդգրկուն է և բացի առևտրային դյուրացված մոտեցումներից ընձեռում է նաև ճյուղային համագործակցության հնարավորություններ: ԵՄ-ն մի կողմից և Հայաստանը՝ մյուս, քաջ գիտակցում են բարեփոխումների կարևորությունը: Շնորհիվ այս փաստաթղթի՝ Հայաստանը կարող է կարևոր օղակ դառնալ տարածաշրջանում: Եթե Հայաստանը գործարար աշխարհի համար հանդես գա իբրև ապահով միջավայր ունեցող երկիր, ապա կստանձնի կապող կամուրջի դերակատարություն ԵԱՏՄ հետ: Ֆրանսիացի ներդրողները հետաքրքրված են նաև Հայաստանի միջոցով իրանական շուկա մուտք գործելու հնարավորությամբ», - շեշտեց դեսպան Լաքոթը: Իսկ վերջում նա հավելեց, որ Հայաստանի կրկնակի անդամակցությունը շատ կարևոր է, քանի որ «դրանք մեկը մյուսին ուժեղացնում են»: