26.11.2024
Գագիկ Ծառուկյանի հետ ունեմ ընկերական ջերմ հարաբերություններ. «ծեծված» Հարությունով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մանվել Գրիգորյանը ազատ կարձակվի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի Հրազդանում գտնվող գազալցակայանը փակվել է: Մեր լրագրողը եղել է տեղում, և միակ մարդը, ում հանդիպել է, գազալցակայանի պահակն է եղել, ով էլ չի կարողացել ասել, թե որն է գազալցակայանի չաշխատելու պատճառը: Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել, և որ հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ: Այսպիսով, Սաշիկ Սարգսյանի գործող բիզնեսը դադարեցրեց իր գործունեությունը թերևս այն պատճառով, որ Սաշիկն առանց ապօրինության չի կարող բիզնես անել»:


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի մերձավորների պնդմամբ՝ նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում։ Զենքն էլ պահել է Նազիկի քրոջ տղան՝ «վիզ» է վերցրել, Մանվելն «օժանդակող» է։ Ինչ վերաբերում է տուշոնկա-սգուշչոնկաներին, դրանք 2 միլիոն դրամի են, 3-ի դեպքում է քրգործ հարուցվում․ նկարահանումները խառն են արվել՝ հա՛մ ԵԿՄ պահեստում, հա՛մ գեներալի նկուղում։ Եթե հաշվի առնենք, որ իր հիվանդությունը՝ կառավարության որոշմամբ, այն հիվանդությունների ցանկում է, որոնց համար կալանքից ազատվում են, գեներալը նոր բուժզննություն կանցնի, ու չի բացառվում, որ ազատ արձակվի՝ հաշվի առնելով նաեւ հայրենիքի հանդեպ ծառայությունները․ հո չե՞ն թողնելու բանտում մեռնի։ Մնում է բարոյական պահը։ Ա՛յ, էդ ամենադժվար բանն է լինելու իր համար»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները ծանրաբեռնված աշխատում են՝ սկանդալային բացահայտումներ, ձերբակալություններ։ Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, հետախուզում հայտարարվեց և խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Մեր տեղեկություններով, «սև-մութ ամպեր» են կուտակվում նաև նախկին ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին։ Երեկ նրան հրավիրել են ԱԱԾ և մի քանի ժամ պահել այնտեղ։ Հնարավոր է նրա նկատմամբ ևս քրեական գործ հարուցվի։ Այն կարող է առնչվել գողական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի՝ Արմեն Կանևսկոյի եղբորը։ Հիշեցնենք, որ նա եղբոր մահից հետո տեղափոխվեց Հայաստան և վերջին տարիներին դուրս չի մեկնել, քանի որ նրա նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։ Մասնավորապես, ասում են, որ Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել սպանության մեղադրանքով և դիմել են ՀՀ իշխանություններին՝ նրա արտահանձնման խնդրով, սակայն մերժվել են։ Օրեր առաջ նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, և տան խուզարկությամբ, մեր տեղեկություններով, հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից։ Այսինքն՝ Կանևսկոյին այլ անձի տվյալներով փաստաթուղթ են տվել։


Դրա հետքերով կատարված քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը և, վերջապես՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով տեղյակ է եղել այս գործարքից և, ըստ ամենայնի, հրահանգը ստացել Սերժ Սարգսյանից։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն հիմնովին զբաղվում է այս գործով, և չի բացառվում, որ մեղադրանք առաջադրվի նաև Վովա Գասպարյանին»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք, որոնք այդքանով չեն սահմանափակվում։ Համակարգում բոլորին հայտնի, լուրջ կոռուպցիոների համբավ ունեցող Արսեն Գալստյանը նշանակվել է Սյունիքի տարածաշրջանի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավար։ Ընդ որում՝ Արսեն Գալստյանը այն կարգի կոռումպացված դեմք է, որ մերժված է եղել ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի ժամանակ։ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Գալստյանին աշխատանքից ազատել էր։ Գալստյանը նախկինում համարվում էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տխրահռչակ եղբոր՝ Կարեն Խաչատրյանի դրածոն։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մաքսատան աշխատողները արդեն աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրում»:


 


 


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի: Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս պաշտոնում ևս յուրային մարդ «դնել»: Չնայած ժամանակին նա հայտարարել էր, որ անձամբ է տեսել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին (հասարակությանն այդպես էլ այդ տեղեկանքը չներկայացվեց), չնայած, որ Արմեն Սարգսյանը վայելում է հասարակության զգալի մասի հարգանքն ու, ինչու ոչ, սերը, Փաշինյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է մարդ, ով առաջադրվել է Սերժ Սարգսյանի կողմից: Մեր աղբյուրի պնդմամբ, հաշվի առնելով, որ սահմանադրական հնարավորությունները խիստ սահմանափակ են, հիմա բանակցություններ են ընթանում, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնի, և նախագահ ընտրվի արդեն խորհրդարանական նոր մեծամասնության կողմից: Քանի որ նման սցենարը միանշանակ չի ընդունվի հասարակության կողմից, Փաշինյանը փորձում է գտնել առավել «բացատրելի» պատճառաբանություններ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Կարծես թե յուրահատուկ սցենարով են զարգանում իրադարձությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` կգնա՞ Քոչարյանը հարցաքննության։ Ի պատասխան Սողոմոնյանը նշեց. «Ճիշտն ասած` չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ թեման (հարցաքննության կանչել-չկանչելու) այդպիսի դրամատիկ երանգներ ձեռք բերել: Եվ ինչո՞ւ եք դա ինչ-որ յուրահատուկ սցենար համարում: Ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում: Ձեր կարծիքով, եթե անցած տարիներին նախաքննական մամնի մոտ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցեր ծագեին, ինքը հրաժարվելո՞ւ էր պատասխաններ տալ: Թե՞ ինքնին հարցաքննվելը ինչ-որ աշխարհացունց իրադարձություն է: Բացարձակապես: Հիշեցնեմ` լինելով ՀՀ գործող նախագահ` Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով քննիչին և պատասխանել է նրա հարցերին, ինչն արձանագրված է, և այդ զրույցը կցված է գործին (եթե չեմ սխալվում` նույնիսկ հրապարակված է մամուլում): Հիմա ո՞րն է հարցաքննության փաստի «պատմականացումը»` ես անկեղծ չեմ հասկանում»։ Հավելենք, որ Սողոմոնյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է, թեեւ պաշտոնական տվյալները բավական մեղմ պատկեր են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից դուրս է եկել 3 հազար մարդ: Հիշեցնենք, որ հունիսի կեսին Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնողների թիվը պաշտոնապես 1500 հոգի էր: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական է եղել այս օրերին կալանավորված ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանը` Արսեն Մկրտչյանը: Սակայն հիմա նա դուրս է եկել ՀՀԿ-ից՝ պնդելով. «Դուրս եմ գալիս մի կառույցից, որի գոյությունը դե ֆակտո ինձ համար չկա: Ես չեմ համարում, որ ՀՀԿ-ն այսօր գործում է, չեմ համարում, որ ՀՀԿ-ի հետ կարելի է հույսեր կապել: ՀՀԿ-ն ինձ համար կամ իմ ընտանիքի համար որեւէ լավ բան արած չունի: Ես եմ եղել կուսակցության համար, կուսակցությունն ինձ համար երբեք չի եղել: Կուսակցությունն ինձնից միայն վերցրել է, ոչ մի բան չի տվել ինձ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է: Ինչպես հայտնի է, նա կալանավորվել էր հունիսի 19-ին, այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առեւանգելու, նաեւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակության ցուցումով առեւանգված անձանցից միայն երկու հոգի է ցուցմունք տվել: Ավելին, Ասատրյանի կալանավորումից անցել է 16 օր, սակայն մինչ օրս առեւանգված անձանց եւ նրա միջեւ առերեսում չի եղել: Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ էր կազմակերպվել. ըստ շրջանառվող լուրերի՝ մահափորձի պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը, որը հայտնի է Արտյոմ Կանեւսկո անվամբ: Եւ Դոն Պիպոն էլ, ըստ քրեական գործի նյութերի, կազմակերպել էր Կանեւսկոյի մարդկանց առեւանգելը»: