26.11.2024
Բաքու. Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի
prev Նախորդ նորություն

Արդեն վտանգավոր սահմանին են հասնում. Արցախում եւ ՀՀ-ում կոշտ են արձագանքում «Սասնա ծռերին»

Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախում 2020 թ-ին սպասվող նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը:


Վերջին շրջանում «Սասնա Ծռեր» կուսակցությունը քայլեր է կատարում` միտված Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու գործընթացին, որի շրջանակներում իրականացվում է ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին Հայաստանում ընթացող համապետական ընտրություններին մասնակից դարձնելու պահանջով: Այս մասին EADaily հետ զրույցում մասնավորապես ասել էր «Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը: Այս նախաձեռնությունը բացասաբար է ընդունվում Երեւանում եւ Ստեփանակերտում:


Մասնավորապես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության` Արցախը Հայաստանի մարզ ճանաչելու գործընթացին միտված քայլերին, որի շրջանակներում իրականացվում է ստորագրահավաք Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիներին Հայաստանում ընթացող համապետական ընտրություններին մասնակից դարձնելու պահանջով, ասել էր. «Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը»: Ապրիլի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հերթին անդրադառնալով Բալասանյանի հայտարարությանը` նշել է. «Վիտալի Բալասանյանը լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը»:


Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ինչպես այն ժամանակ, այժմ էլ ինքը պնդում է, որ «Սասնա ծռերն» ահաբեկիչներ են, գրում է news.am-ը:


«Սասնա ծռերի գործողությունը ահաբեկչական գործողություն է։ Ես ասեմ ավելին, նրանք պետության դեմ ոտնձգություն են արել։ Գրավել են պետական նշականություն ունեցող օբյեկտ, որը հասարակական կարգի պահպանության պատասխանատու է։ Կատարել են սպանություններ, կատարել են ոտնձգություն հանրային պետական սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ՝ թե՛ հափշտակություն, թե՛ վնաս», - ասված է Բալասնյանի գնահատականում։


Վիտալի Բալասանյանը նշեց, որ ինքը դեմ էր «Սասնա ծռերի» համաներմանը։ «Որովհետև այդ մարդիկ առ այսօր գոնե չեն զղջացել իրենց արարքի համար։ Գոնե, ես մեկից չլսեցի մեկ բառով՝ ներողություն խնդրեր այդ զոհված ոստիկանների ընտանիքի անդամներից կամ երեխաներից։ Ես չլսեցի՝ որևիցե մեկը ներողություն խնդրեր այն բնակիչներից, որոնք, այսպես ասած՝ տեռորի ենթարկված իրենց տներից դիմել են փախուստի», - ասել է նա ու հարց ուղղել. «Մի՞թե սա է մեր ժողովրդի գնահատականը։ Մենք, իհարկե, պետք է, րոպե առաջ ոչնչացնեինք այդ ահաբեկչական խմբին։ Եվ այսօր բոլոր լրատվամիջոցներին խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում ու պահանջում եմ, ընդհուպ, եթե անհրաժեշտ է, կարող ենք մենք, որպես քաղաքացի, հրամայել. մի՞թե բարոյական իրավունք ունեն ահաբեկիչներին հրավիրել ստուդիա և քննարկել Ղարաբաղի հարց, Հայաստանի ներքաղաքական հարց, արտաքին քաղաքականության հարց, տնտեսության հարց։ էս ու՞ր եք գնում ժողովուրդ, այսինքն՝ ահաբեկի՞չն է Ղարաբաղի հարցով տեսակետ, կարծիք հայտնում»։


Նա աեւ հավելել է, որ վերջին ժամանակները, «Սասնա ծռերի» անդամներից, ժամանակ առ ժամանակ, լինում են Արցախում, և կոչ են անում հեղափոխության։ «Մենք բոլորին վերահսկում ենք, մեզ համար տեսանելի է, բոլորին լսում ենք… Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը», - ասել է նա։


Բալասանյանի հետ համամիտ է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Վիտալի Բալասանյանը լրիվ ճիշտ է, ես ընդունում եմ այդ հայտարարությունը», - ասել է նա ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ես ընդունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ 28 տարի Արցախն առանձին, անկախ պետություն է, որն ունի իր նախագահը, իր ԱԺ նախագահը, իր ծրագիրը, իր գործունեությունը, եւ մեր ժողովրդի պայքարն անկախ պետության համար է եղել, որն այդպես էլ պիտի լիներ», - ասել է Ծառուկյանը:


Կոշտ է արձագանքել «Սասնա ծռեր» կուսակցության՝ Արցախյան հակամարտությանը մասին հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը:


«Արդեն վտանգավոր սահմանին են հասնում, այսպես կոչված «Սասնա ծռեր» խմբակցության, խմբավորման կամ կուսակցության, ոնց ուզում եք համարեք, անհեթեթ հայտարարությունները, մեղադրական նոտայով հայտնած մտքերը, ինչ-որ վերացական ակնարկները։ Ի վերջո համբերությունն էլ իր չափն ու սահմանն ունի։ Բավականին տևական ժամանակ է անհասկանալի պատճառներով այս խմբավորման կարկառուն ներկայացուցիչները պահը բաց չեն թողնում հակադարձելու Սամվել Բաբայանին` չունենալով հակադարձելու ոչ մի ռեալ իրագործելի առաջարկություններ։ Փորձեցինք ամեն դեպքում չհատել այն սուրբ գիծը, որը պատերազմի ընթացքում միավորել է մեզ։ Սակայն Լկտիաբար դավաճանական որակումներ տալով Սամվել Բաբայանի հայեցակարգին` իրենք հենց հատեցին այդ գիծը», - ասված է գրասենյակի հայտարարության մեջ:


Նշվում է, որ դավաճանությունը ժողովրդին «նորանոր պատերազմների հրահրելն է»:


«Դավաճանությունը անմիտ այն հայտարարություններն են, որոնցով խաղում եք ժողովրդի նվիրական զգացումների ու ապրումների հետ՝ չմտածելով, որ վաղը կամ մյուս օրը պատասխան եք տալու ձեր արածների կամ չարածների համար։ Ծովից ծով Հայաստան եք ուզու՞մ, թե՞ ուզում եք «Ստամբուլը արյան ծով դարձնել», ամոթ է իջեք երկնքից, ասում եք այնպիսի բաներ, որոնց ինքներդ չեք հավատում։ Մենք փորձում ենք պահել այն, ինչ ունենք, ավելին ՝ ամրագրել այն միջազգային հարթակներում։ Առաջնային խնդիր է մեզ համար խաղաղությունը, զարգացումը, բարեկեցությունը։ Այս ժողովուրդը կդոփի տեղում, եթե շարունակի պատերազմել հազարամյակներով, այս ժողովուրդը ուղղակի կոչնչանա», - ասված է գրասենյակի հայտարարության մեջ:


Այս հայտարարություններին «Սասնա ծռեր» կուսակցությունից պատասխանել են անուղղակիորեն՝ քաղաքացիների շրջանում հարցախույզ անելով: «Հարցախույզ ենք իրականացրել Երևանում: Քաղաքացիները Վիտալի Բալասանյանի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները անթույլատրելի են համարում` նշելով, որ Արցախը ՀՀ անբաժանելի մաս է և տարանջատել մեկ հայրենիքը երկու պետությունների, առնվազն անհեթեթություն է», - ասված է կուսակցության պատասխանում: