VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հնարավոր է, անհատական պահպանություն տրամադրվի: Դրա պատճառը նրա հասցեին սոցիալական ցանցերում հնչող սպառնալիքներն են, այդ թվում՝ նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հրապարակային կոչերը: Անհատական պահպանությունը կլինի ժամանակավոր, մինչեւ խնդրի կարգավորումը եւ կրքերի հանդարտվելը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչեւ ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը։ Թե ինչու է ձգձգվում ԱԺ նախագահի տեղափոխությունը, հատկապես, որ ամիսներ առաջ նա տեղեկացրեց իր անվտանգության հետ կապված խնդիրների մասին ու դրանով բացատրեց կառավարական ամառանոց տեղափոխվելու հեռանկարը, Կոստանյանը չպատասխանեց։ Հարցին՝ «ռեմոնտի» գործընթա՞ցն է երկար տեւում, խորհրդականն ասաց, թե չունի հարցի պատասխանը։ Որոշ տեղեկություններով, Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի ապրած տանը։ Ամառանոցում այս պահին միայն Փաշինյանի եւ Վանեցյանի ընտանիքներն են ապրում»:
«Ժողովուրդ» օթերթը գրում է. «Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին նրա` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Պաշտոնապես մեկնաբանվեց, որ այդ մարդիկ վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ազատման պատճառը կապված է Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու եւ այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ: Իսկ, ահա, խնդրի հիմնական պատասխանատուներից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պաշտոնավարել, այնինչ, նա` որպես աշխատակազմի ղեկավար, ուներ իր պատասխանատվության բաժինը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս կապակցությամբ, սակայն չհաջողվեց»:
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ եւ նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, համագումարի մասնակիցների հրավերներն արված են եղել ընտրողական սկզբունքով, միայն վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո: Այն ազատամարտիկները, ովքեր ասոցացվում էին նախորդ ռեժիմի հետ, մեծամասամբ չէին էլ հրավիրվել: Փաստացի այդ կերպ անտեսվել են այդ մարդկանց՝ պետության առաջ մատուցած ավանդն ու ծառայությունները՝ ելնելով բացառապես կուսակցականությունից կամ քաղաքական հայացքներից: Ըստ որոշ ԵԿՄ-ականների, Միքայել յանն ու իր թիմակիցները եւս նախկինի պես փորձում են ԵԿՄ-ն ամեն ձեւով «հարմարեցնել իշխանությունների ստանդարտներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երեւան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել: Սերժ Սարգսյանին եւ Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ էլ հոտնկայս խմել է երկրի գերագույն գլխավոր նոր հրամանատարի կենացը, չնայած Նիկոլ Փաշինյանն այս պահին գերագույն գլխավոր հրամանատար չէ։ Սահմանադրության 155 հոդվածի համաձայն` խաղաղ ժամանակ երկրում գերագույն գլխավոր հրամանատար չկա` բարձրագույն զինվորական պաշտոնը ԶՈւ գլխավոր շտաբի պետինն է, վարչապետը գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։ «Շատ լավ մթնոլորտ էր, վարչապետը մեծարեց ԵԿՄ-ին, Սասունին, ասաց` Մանվելի հետ էլ որեւէ խնդիր չունի»: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Դավիթ Տոնոյանը: Ի դեպ, 25 հոգանոց վարչությունում շատ են Լեդի Հակոբի՝ «Ոգու փորձություն» երբեմնի կազմակերպության անդամները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարն, ըստ էության, վերամիավորման համագումար էր. այս տարիներին ԵԿՄ շարքերից հեռացած ազատամարտիկները, որ ստեղծել էին իրենց հասարակական կազմակերպությունները, ԵԿՄ-ի շուրջ համախմբման մասին հայտարարեցին. նրանք ներկայացնում են «Աշխարհազորային եւ կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԵԿՄ համագումարին որպես պատվիրակ մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. Սպարապետ Վազգեն Սարգսյանը 1993թ. հուլիսին՝ ԵԿՄ հիմնադրման ժամանակ, թիվ մեկ անդամատոմսը հենց առաջին նախագահին է հանձնել: Ու, ավանդույթի համաձայն, պատվիրակների ցանկը կազմելիս նաեւ Տեր-Պետրոսյանի անունն է ընդգրկվում, նրան հրավեր ուղարկվում: Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն, այդպես էլ հարկ չէր համարել ներկա գտնվել այդ համագումարին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կադրային ու կանոնադրական փոփոխություններ են սպասվում: ՔՊ վարչության անդամներից ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը գլխավորում է կանոնադրության, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ծրագրի նոր տարբերակների նախագծերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Բացի այդ, ԵԿՄ վարչության նախագահ ընտրվելուց հետո Սասուն Միքայելյանը հայտարարել է մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին, որպեսզի ԵԿՄ-ն չկուսակցականացվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ Միքայելյանի հրաժարականի դեպքում փոխնախագահ Սուրեն Պապիկյանը կղեկավարի կուսակցությունը, մինչեւ իրենք նոր համագումար հրավիրեն, նոր վարչության կազմ ու վարչության նախագահ ընտրեն. «Այսինքն` մենք այդտեղ պարտադրված չենք արագ վարչության նախագահի ընտրություններ կազմակերպել, որովհետեւ կա վարչության նախագահի տեղակալ, որը որ վարչության նախագահի բացակայության ժամանակ պարտականությունները կատարում է»: ՔՊ համագումարը հնարավոր է անցկացվի ամռանը, թեեւ կոնկրետ օրը դեռ որոշված չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ նիստում պետք է կատարվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Սակայն իշխանություններին այդպես էլ չի հաջողվում հոգաբարձուների խորհրդում մեծամասնություն ստանալ, որովհետեւ անգամ կառավարության կողմից նշանակված խորհրդի անդամները հրաժարվում են կատարել ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրապարակային հրահանգները: Մասնավորապես՝ «Սինոփսիս» եւ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների տնօրեններ Հովիկ Մուսայելյանը եւ Ռալֆ Յիրիկյանը, թեեւ մասնակցում են հոգաբարձուների խորհրդի նիստերին, սակայն բոյկոտում են քվեարկությունը՝ դրանով դժվարին կացության մեջ դնելով կառավարությանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է ԾԻԳ-երի թեմային՝ նշելով, որ դրանք ավելորդ կառույցներ են եւ որ երկիրը չի կարող շարժվել «ծիգիզմի», «պոակիզմի» եւ «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ: Ավելին, վարչապետը նշել էր, թե «վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել»: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ նախարարություններ շարունակում են չկատարել հանձնարարությունը: Մասնավորաբար, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը պահում է EIF-ը՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մենք առաջիկայում կփորձենք լրագրողական հետաքննություն անցկացնել՝ հասկանալու, թե ինչու է պահպանվում այս կառույցը, եւ ինչու չի կատարվում Փաշինյանի հանձնարարականը»:
«168 ժամը» գրում է. «Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրված, օրակարգում երեք հարց է, որոնցից մեկն առնչվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կարգավիճակը որոշելուն: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում հավանություն է տրվել այս հանձնաժողովների վերաձևավորման վերաբերյալ նախագծին, որն այսօր օրենսդիրները քննարկելու են ԱԺ-ում: Նախագիծը խնդրահարույց է, այդ մասին կառավարության նիստում բարձրաձայնեց նաև ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով կառավարության նիստի ընթացքում նշեց, որ ներկայացված նախագծի իրավաչափությունը և նպատակահարմարությունը ենթակա է քննարկման: Բանն այն է, որ այս երկու հանձնաժողովների 12 անդամները, որից 7-ը՝ ՏՄՊՊՀ-ում, և 5-ը՝ ՀԾԿՀ-ում, նոր օրենսդրությամբ պետք է վերանշանակվեն: Նախկինում տնտեսական այս կառույցների բոլոր անդամները նշանակվում էին նախագահի կողմից՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով, սակայն ներկայումս՝ որպես պառլամենտական երկիր, նրանք պետք է նշանակվեն ԱԺ-ի կողմից:Խնդրահարույցն այստեղ ոչ միայն փոփոխությունն է, որ հապճեպ կերպով և առանց լուրջ իրավական քննարկումների արվել է նախկին իշխանության օրոք, այլ այն, որ դրա պատճառով այսօր վարչապետ Փաշինյանը կանգնել է լուրջ փակուղու առաջ:
Բանն այն է, որ հանձնաժողովների անդամները նախկինում նշանակվել են հինգ տարի ժամկետով, ինչն օրենքի տրամաբանությամբ նշանակում է, որ նրանք պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների և ժամկետի ավարտը: Իրականում ստեղծվել է խնդրահարույց իրավիճակ, և, եթե վարչապետ Փաշինյանը որոշի, այնուամենայնիվ, գնալ անդամների վերանշանակման, ապա ստիպված է լինելու խախտել այդ 12 անդամների լեգիտիմ իրավունքը, ինչն ամրագրված է օրենքով: Նշենք, որ այս երկու տնտեսական մարմիններում անդամների պաշտոնները քաղաքական չեն, հետևապես՝ քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքական ուժերի դասավորվածությունն ու հարաբերակցությունն ԱԺ-ում չեն կարող ազդող գործոն լինել այս անկախ մարմինների համար, ինչպես, օրինակ, ՄԻՊ-ի դեպքում կամ ՍԴ անդամների: Այս պարագայում ևս տարբերակում և օրենքի խտրական կիրառում չպետք է լինի: Այդուհանդերձ, ինչ որոշում կկայացնի հեղափոխական կառավարության ղեկավարը, կպարզվի առաջիկայում: Այսօր կառավարութան կողմից հարցը հրատապ դրվել է ԱԺ օրակարգ, որպեսզի օրենքների ժամկետները երկարաձգվեն, ինչն էլ հնարավորություն կտա Կառավարությանը մինչև ս/թ հունիսի 30-ը հասկանալ և կողմնորոշվել, թե որ ճանապարհով են գնում՝ մարդու իրավունքի գերակայությա՞ն, մարմնի լեգիտիմությա՞ն, թե՞ ապաշնորհ ու անօրեն ուղիով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ խիտ գրաֆիկով է անցնում՝ բազմաթիվ հանդիպումներ, հարցազրույցներ, գալա-համերգ, ընթրիքներ, երեկ էլ «Ալեքս» թատրոնում հարցուպատասխան։ Մեզ հաղորդեցին, որ նրան տեսնելու ցանկություն ունեցողներն այնքան շատ են, որ համայնքի հետ հանդիպումները մի քանի անգամ ավելացվել են։ Ամերիկահայերից մեկն ասաց․ «Եթե դատենք լուրերից, որ մեծ թվով հանգանակություններ են եղել, ապա շատ մոտավոր հաշվարկներով, կարծում եմ, մոտ 1 միլիոն դոլար փող կհավաքի վարչապետի տիկինը»։ Աննա Հակոբյանն ԱՄՆ-ում այցի ֆինանսական արդյունքների մասին չի խոսել, նշել է, որ կամփոփի Երեւանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական դաշտում խոր` չերեւացող աշխուժություն է տիրում. ակտիվացել է ոչ միայն ՀՀԿ-ն, վերաձեւակերպվում են նաեւ մնացյալ կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, որը երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ եւ ստվերային կառավարություն է ձեւավորում` ի դեմս ստեղծած 12 հանձնախմբերի: Հանձնախմբերը ղեկավարողներն էլ կդառնան ապագա ստվերային կառավարության ներկայացուցիչները։ Այսպես․ արտաքին հանձնաժողովը ղեկավարում է Կիրո Մանոյանը, անվտանգությանը` Լեւոն Մկրտչյանը, սոցիալականը` Արսեն Համբարձումյանը, մշակույթը` Լիլիթ Գալստյանը, գյուղատնտեսությանը` Արթուր Խաչատրյանը: Իսկ ո՞վ է լինելու ձեր «վարչապետը»՝ հարցրինք ՀՅԴ մեր աղբյուրին։ «Ըստ ամենայնի` հանձնախմբերը համակարգող Արծվիկ Մինասյանը»: Կհամագործակցե՞ք ՀՀԿ-ի հետ: «Ազգային օրակարգի մասով որեւէ խնդիր չունենք իրենց հետ»: Իսկ Քոչարյանի՞։ «Քոչարյանի հետ` նույնը»: Փողոցային պայքարի դուրս կգա՞ք։ «Ի անհրաժեշտության` անշուշտ»: Որպես ազգային-ավանդական կուսակցություն՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի խորհրդարանական «հայտնությանը»։ «Առաջիկայում խնդրո առնչությամբ, կարծում եմ, պետք է քննարկումներ լինեն անպայման` բոլոր մակարդակներով»:
«Փաստ» թերթը գրում է. «Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Նազենի Ղարիբյանը չի հայտարարագրել տվյալներ անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ: Հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ եւ շարժական գույք չունի: Ղարիբյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 400 եվրո: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 15 եվրո: 2018թ. հարկային տարում ՀՀ դրամով ստացված եկամտի հանրագումարը կազմել է 4 965 282 ՀՀ դրամ: Նշված գումարը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 2 994 109 ՀՀ դրամ, 1 406 882 ՀՀ դրամ եւ 564 291 ՀՀ դրամ: Բացի նշվածներից, Նազենի Ղարիբյանը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից 1000 եվրո եկամուտ է ստացել: Նկատենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Նազենի Ղարիբյանը նշել էր նաեւ բնակարանի ու այգետնակի առկայության մասին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Պզոն որոշել է աղջկա հարսանիքը կազմակերպել չափազանց ներկայացուցչական՝ դրան հրավիրելով գողական եւ մերձգողական համայնքի առավել հեղինակավոր դեմքերին: Ըստ մեր աղբյուրի՝ միայն ԱՄՆ-ից երեք հարյուր հրավիրյալ է մասնակցելու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, խնամիանում են Արմեն Ղազարյանը եւ Էդուարդ Մադաթյանը՝ Խուճուճ Էդոն»:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի՝ պահանջելով բռնագանձել 3 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, հիմնադրամը չի վճարել իրեն պատկանող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի օգտագործած գազի գումարը: Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի աշխատանքը պարալիզացված է. հարուցված քրեական գործի շրջանակում հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը խոշոր չափերով փողերի լվացում եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու քրեական գործի շրջանակներում կալանավորված է»: