26.11.2024
ԼԳԲՏ համայնքին Հայաստանում բացի սեռական շահագործումից օգտագործում են որպես շանտաժի գործիք
prev Նախորդ նորություն

ԼՂ բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Փաշինյան

«Որեւէ մեկը չի կարող պետության, քաղաքացու կամ գյուղացու հետ շանտաժի լեզվով խոսել: Ասում են՝ եթե հարկերը պետք է մուծենք, ուրեմն էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ խոսելաձեւ է»:


Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ զարգացումներին ու տնօրենի կալանավորմանը:


Հիշեցնենք, վարչապետը Ազգային ժողովում էր, հանդիպում ուներ իշխող կուսակցության պատգամավորների հետ:


Պատասխանելով լրագրողներից մեկի՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունավետության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որեւէ բանակցություն արդյունավետ չէ: Բայց հանդիպումը գնահատվել է կառուցողական եւ դրական եւ այդ մտքի հետ բոլորս համաձայնել ենք»:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ պատերազմի մասին հայտարարությանն անդրադառնալիս, վարչապետը նշեց, որ հարցին արդեն բազմիցս անդրադարձել են:


«Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետեւ մենք պատերազմից վախեցողը չենք: Պաշտպանության նախարարի ասածի մեջ որեւէ ապակառուցողական բան չկա: Մենք ամեն բան անելու ենք, որ խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Բայց այս ամենն ասելով՝ թող ոչ ոք չկարծի, որ մենք վախենում ենք պատերազմից: Եթե մեկը մտածում է, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսի, Հայաստանը հանձնվելու է, ուրեմն միամիտ է: Մենք ասում ենք, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղությամբ: Պետք չէ անընդհատ խոսել պատերազմից: Ինչքան պատերազմից մենք վախենալու բան ունենք, այդքան էլ Ադրբեջանն ու տարածաշրջանն ունի, որովհետեւ պատերազմի մեջ փլավ չեն բաժանում: Մեզ առաջարկվող պատերազմին մենք հարկադրելու ենք խաղաղություն: Դա մեր պատերազմը չի լինելու, որովհետեւ մենք ոչ մեկին չենք պարտադրում պատերազմ, բայց եթե պատերազմ լինի, մենք հարկադրելու ենք խաղաղություն: Պետք չէ բոլոր հանդիպումներից առաջ եւ հետո խոսել պատերազմից:


Նույն հայտարարության մեջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ 2 արտգործնախարարների, գրվել է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել եւ ակտիվացնել հրադադարի ռեժիմը: Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այդ պայմանավորվածությունը, ո՛չ, չկա:


Իսկ եթե որեւէ մեկը դրժի, չի նշանակում, որ մենք չենք պաշտպանվելու: Ես հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահն էլ չի դրժի այս պայմանավորվածությունը, որովհետեւ դրա գրավոր տարբերակն էլ կա՝ գրված ու ստորագրված: Մենք ընդամենը բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ պատերազմի մասին է խոսում: Եկեք խաղաղության օրակարգ ձեւավորենք եւ խոսենք խաղաղության օրակարգի շուրջ, սա է մեր ուզածը: Բայց ես էլի եմ ասում, սա պետք չէ ընդունել որպես վախ, մենք վախեր չունենք:


Երբ մենք կկարողանանք երկուստեք ապահովել 2 կողմերի գյուղերի անվտանգությունը եւ կկարողանանք երաշխավորել, որ կողմերը այլեւս չեն կրակի ու հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, դա կլինի մարդասիրություն:


Ես կրկնում եմ, այն, ինչ համանախագահների եւ արտգործնախարարների անունից հրապարակվել է, ես բնականաբար տեսել եմ եւ ամեն բառի հետ համաձայն եմ, այո, եղել է կառուցողական հանդիպում:


Եթե հիշում եք, ես ասել եմ, որ մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ, եթե ակնկալվում է, որ մենք կառուցողական լինենք, ուրեմն կլինենք: Մեր խնդիրն է լինել լսելի եւ մենք պատրաստ ենք լսել»:


Վերջում, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա մեծ սխալ ընկալում եւ դա այն է, որ ինքը բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իր սեփական կետից: