Եթե Քոչարյանը մնա ազատության մեջ, կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Խաչատրյանը:
«ՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: Հետեւաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, եւ վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, եւ կա վտանգ, որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը»,- նշեց ՀՔԾ պետը:
Հիշեցնենք, որ պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով էր, իսկ մյուսը՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: