ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը մարտի 5-ին տեղի ունեցած դատական նիստում մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքում եւ դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը, սակայն չի կիրառվի` համաներման ակտի համաձայն:
Այս մասին հայտնում է Բաբայանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը: Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Սակայն Էդուրադ Բաբայանն իրեն այս գործով մեղավոր չի ճանաչում, իսկ տուժողը չնայած, որ առաջին օրերին պնդում էր, որ իրեն ծեծի է ենթարկել Բաբայանը, դատարանում հայտարարել է, որ նման դեպք տեղի չի ունեցել: Իսկ մարմնական վնասվածքները, նրա խոսքով ստացել է, սայթաքելու հետեւանքով:
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն՝ պատժից ազատվում են առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, այսինքն` Բաբայանի դեպքում համաներումը կիրառելի էր, եզրակացնում է «Հետքը»:
Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: ԲՀԿ-ական պատգամավորը գործի քննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Բաբայանի մասնակցությամբ միջադեպից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են վերը նշված մարզային համալիրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։ Շուտով, սակայն, տուժող Հարությունյանը հայտարարել է, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել ու վայր է ընկել:
Դատական նիստերի հիմնական մասը եւ գործում առկա օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցների քննությունը, Հարությունովի միջնորդությամբ անցկացվեցին դռնփակ: Պատճառն այն է, որ այդ ապացույցներում կային իր անձնական կյանքին վերաբերող հանգամանքեր, և դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նշվում է, որ մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը 4 տարի ազատազրկում է պահանջել պատգամավորի համար: