VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգարխիկ եւ կուսակցական որոշ ներկայացուցիչներ՝ քննարկելու հայաստանյան ֆորսմաժորի դեպքում իրենց քայլերը: Արձանագրել են, որ այս պահին որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկելու։ «Թույլ են տալու, որ զարգացումներն իրենց հունով ընթանան, Նիկոլն ինքն իրենով մաշվի, չի լինելու նաեւ փողոցային պայքար, հնարավորություն է տրվելու ԱԺ-ին` ինքն իրեն «բաղդատվի-զտվի», ինչպես կասեր Գրիգորիչը»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, հավաքվածները խնդիր ունեն լիդերի հարցում, համաձայնություն դեռ չկա, եւ հարցն այս փուլում չեն արծարծում»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ընտանիքին, հանդիպել Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին: Մեր աղբյուրների պնդմամբ, այցն ինքնին արտառոց չէ, քանի որ Աբրահամյանների եւ Դեմիրճյանների ընտանիքների միջեւ վաղուց հաստատված ջերմ, ընկերական հարաբերություններ կան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ապրիլի 7-ին կայանալիք եկեղեցու բացման արարողությանը ՀՀ իշխանությունը ներկայացված կլինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանով։ Մասնակցելու է նաեւ կաթողիկոսը։ Վարչապետը կմասնակցի ԵԿՄ համագումարին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 6-10-ը կլինի Քաթարում՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովին, իսկ Արմեն Սարգսյանը մեկնել է Հորդանան՝ Ամմանում համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատվիրակություն էլ չեն ուղարկի Արցախ․ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին այդ մասին, այդ թվում՝ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են անհանգստացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ՎԿ ղեկավար Ստեփան Մնացականյանին ավելի ու ավելի հաճախակի են տեսնում կառավարության թիվ մեկ մասնաշենքում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կոնսուլտացիաներ անելիս: Ըստ տեղեկությունների, սա արվում է անձամբ վարչապետի հրահանգով: Լուրեր կան, որ հենց Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո է միայն Մնացականյանը հրապարակում «պաշտոնական» տվյալները: Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանը հանձնարարել է, որ առանց համաձայնեցնելու որեւէ թիվ չհրապարակեն: Սակայն դա ոչ այնքան թվեր «նկարելու» համար է, որքան բացասական եւ դրական ցուցանիշները համադրելու եւ հանրությանը «տնտեսական հեղափոխության» շրջանակներում պատշաճ մատուցելու համար: Ի դեպ, առաջին եռամսյակում ունեցել ենք փաստացի գնաճ, ինչը «տնտեսական հեղափոխության» չափանիշներին միանշանակ չի համապատասխանում: Հենց դրա համար էլ վերջին օրերին պարբերաբար հրապարակ են նետվում դրական ցուցանիշներ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգեւավճարներ են ստանում, այլեւ ամեն երեկո պետության հաշվին աշխատանքից գնում են տուն: Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխատակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատակիցներին: Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխություն է թույլ տալիս: Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժողովի ժամանակ ՊԵԿ աշխատակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգեւավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավտոբուսները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին եւ ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջյուններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։ Նշենք, որ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշում կայացվել էր դեռ մարտի 11-ին, այսինքն` այսքան օր կար այդ ամենը կազմակերպելու համար։ Մենք տեղեկացանք, որ գրանցումը կատարվել է օնլայն սկզբունքով, իսկ Լիլիթ Մարտիրոսյանն էլ ներկայացնում էր «Իրավունքի ուժ» ՀԿ-ն։ Նա երեկվա լսումներին ներկաների մեջ այլընտրանքային սեռական կողմնորոշում ունեցող միակ անձը չէր։ Նրանք մի քանիսն էին եւ լսումների ընթացքում նույնիսկ սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին այդ լուսանկարները։ Արդեն միջադեպից հետո լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե նրան հրավիրողը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչն, ըստ էության, վերջինիս կողմից հերքվեց, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այս ամենը կազմակերպված էր համարում։ Մեր տեղեկություններով` տրանսգենդերն ունի հենց Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով անձնագիր եւ հենց դրանով էլ մուտք է գործել խորհրդարան։ Հավելենք, որ երեկվա միջադեպը լայն քննարկման առիթ է եղել հենց «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ եւս Մարիան հայտարարել է, թե ոչ մի կապ չունի այդ անձնավորության հետ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ջանջուղազյան, տեսակետ կա, որ ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն»` փոխվարչապետների առաջնահերթության բանավեճ կա կառավարությունում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Էդպիսի բան հնարավոր չի»: Իսկ ինչպիսի՞ն են կոնկրետ Ձեր հարաբերությունները փոխվարչապետներ պարոն Գրիգորյանի եւ պարոն Ավինյանի հետ։ «Շատ աշխատանքային»: «Արմաթ» լաբորատորիաների ուշացած աշխատավարձի հետ կապված դիսկուսիայի ժամանակ բանավեճ ընթացավ նրանց միջեւ։ «Քննարկումը որպես բանավեճ ներկայացնել չի կարելի` քննարկում էր, էլի, որն էլ տվեց իր արդյունքները` որոշումներ կայացվեցին»: Ձեր աչքերում թաքնված ժպիտ կա հիմա։ «Ի՜նչ խորաթափանց հայացք ունեք. ինչպե՞ս երեւաց հատկապես աչքերիս ժպիտը, չնայած Դուք ազատ եք ձեր գնահատականներում»: Չկա՞ տարաձայնություն նրանց միջեւ։ «Ավաղ` ոչ»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Դուք ՀՀԿ-ական` «նախկին» թալանչիներից մնացած կադր եք: «Չէ, Դուք կարծես այլ հարց էիք ուզում տալ, թե ինչպես եմ ես վերաբերվում նրան, որ ես մի քիչ ավելի տարիքով եմ, քան մնացածը. շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ դա չի խանգարում ինձ երիտասարդ զգալ, այո` աշխատել եմ ու դեռ աշխատելու եմ եւ, որքան էլ տարօրինակ թվա, աշխատել սկսել եմ խորհրդային ժամանակներից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանից նստեց գնացք եւ մեկնեց Գյումրի։ Նրան Գյումրու կայարանում «անակնկալ» էր սպասվում․ մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին ոչ այնքան երկրի ղեկավարին տեսնելու եւ ողջունելու, որքան իրենց խնդիրները ներկայացնելու։ Արդյունքն այն էր, որ նամակների տրցակը չէր տեղավորվում Փաշինյանի թիկնապահների ձեռքերում: Քաղաքի փողոցներով քայլելուց, ձկնաբուծարան, ռազմաբազա, օդանավակայան այցելելուց հետո նա վերադարձավ մայրաքաղաք։ «Գյումրի այցելելուց հետո վարչապետը, հավանաբար, բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի»,- կեսկատակ-կեսլուրջ ասում էին գյումրեցիները՝ ակնարկելով, որ Գյումրիից ստացած տպավորություններն էլ Փաշինյանը, ինչպես Ռանչպար գյուղ այցելությունից հետո արեց, չափածոյի է վերածելու»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Արմավիրի մարզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը համայնքապետերի հետ: Արմավիրում սպասում են համայնքների խոշորացման ծրագրի իրականացմանը, որը դժգոհության ալիք է առաջացնում ինչպես համայնքապետերի, այնպես էլ գյուղացիների շրջանում, եւ հնարավոր է, որ Փաշինյանի այցը նպատակ ունի մեղմելու դժգոհությանը ալիքը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները: Օրինակ` 2018թ.-ին կրծքի հասակի երեխաների բրոնխիտներ, թոքաբորբերի դեպքում պետությունը տրամադրում էր 184 հազար 100 դրամ, 2019 թվականին` 144 հազար, այսինքն` 21,5 տոկոսով ավելի քիչ: Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում նախկինում պետությունը փոխհատուցում էր 112 հազար 500 դրամ, իսկ ընթացիկ տարվա համար` 98 հազար, այսինքն` 12,5% քիչ, բրոնխիտների, թոքաբորբերի դեպքում 127 հազար 900-ից նվազել է 112 հազար դրամի` կրկին 12,5 %-ով պակաս: Այս փաստը բավական լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ մանկաբույժների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկաբույժները պատրաստվում են լուրջ քայլերի դիմել, քանի որ նման քաղաքականությունը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ առանց այն էլ խնդրահարույց ոլորտում: Չէ՞ որ ներկայումս մանկաբուժությունը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկն է, այնինչ հենց այս ոլորտին է հարված հասցվում: Առողջապահության նախարարության նման գործելաոճը մանկաբույժները գնահատում են սխալ` հղի կոռուպցիոն լուրջ հետեւանքներով: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանի հետ. «Գների իջեցում եղել է, որի շուրջ մենք մեր կարծիքը հայտնել ենք, եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստ է քննարկել այդ հարցերը»: Իսկ, ահա, Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում որոշման պատճառները` գերադասելով լռել. նախարարության մամուլի խոսնակ Ա. Նիկողոսյանը խնդրել է հարցերը գրավոր ուղարկել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Պաշտոնական հանդիպումներից բացի, Մեդվեդեւն այցելելու է Գյումրի, որտեղ հանդիպելու է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, եւ, առհասարակ, նավթամթերքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով: Սա իր հետեւից կբերի բենզինի գնի աստիճանական բարձրացման: Թե որքան, առայժմ դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փոխանցեցին, որ փոխարենը զրոյական է ՌԴ-ից ներմուծվող մաքսատուրքը: Ըստ նախարարության՝ ՌԴ-ն այս հարցում Հայաստանի համար համարվում է հիմնական շուկա: Տեղեկացնենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ ներմուծվել է 330 հազար 328,9 տոննա նավթ, նավթամթերք (դրա մեջ է մտնում նաեւ բենզինը), որից 210 հազար 521 տոննան բերվել է ՌԴ-ից»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նշեց, որ այս տարի գրանցվել է հանցագործությունների բացահայտման քանակի աճ: Հայտարարությունն ինքնին ուշագրավ էր, եւ թեմայի հետ կապած «Փաստ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանություն: Հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը տրամադրել է վիճակագրություն առաջին եռամսյակում օպերատիվ-ծառայողական գործունեության նախնական արդյունքների մասին: Ըստ այդմ, իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, հունվար-փետրվար ամիսների հարաբերակցությամբ, ոստիկանությանը հաջողվել է կրճատել հանցագործությունների աճի տեմպը (2019թ. հունվար ամիս՝ 35,3%, փետրվար՝ 13,4%), իսկ մարտին առաջին անգամ արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում՝ 11,3%-ով կամ 288 դեպքով (2018թ. մարտին արձանագրվել է 2548 դեպք, 2019թ. մարտին՝ 2260 դեպք): Հարկ է նշել, որ ըստ տրամադրված տեղեկատվության, բացահայտման արդյունավետությունը նույնպես կայուն աճում է: Եթե հունվարին այն կազմել էր 43,0%, փետրվարին՝ 44,6%, ապա մարտին՝ 51,7%: Հավելենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում խոսում են, որ Օսիպյանը ոստիկանության օպերատիվ աշխատանքները կազմակերպելու բավականին արդյունավետ միջոցներ է սկսել կիրառել՝ սկսած հանցանք բացահայտող ծառայողներին խրախուսելուց մինչեւ կազմակերպչական բազմաթիվ այլ նորարարություններ»: