Այսօրվա համագումարը, կարծում եմ, ձեր անցած փառապանծ ճանապարհի արժեւորման կարեւոր հանգրվանը պիտի դառնա, բայց արժեւորման իմ բանաձեւը եղել, կա եւ կշարունակի մնալ ճշմարտության հետ առերեսումը։ Այս մասին այսօր ԵԿՄ 2-րդ արտահերթ համագումարի ժամանակ, դիմելով ներկաներին,ա սաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Ճշմարտության հետ առերեսվելիս պիտի համարձակություն ունենանք եւ խոսենք հետպատերզմյան ժամանակաշրջանում տեղի ունեցած մի շարք երեւույթների, զարգացումների մասին, որոնք ի վերջո բերեցին ԵԿՄ վարչության՝ այժմ արդեն նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շուրջ աղմկոտ զարգացումներին։ Մենք պետք է հասկանանք ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այդ ամենը։ Ցավոք, Արցախյան ազատամարտի խաղաղության զինադադարի կնքումից հետո մենք մեր հանրության որոշ հատվածներում ականատեսը եղանք մի երեւույթի, որը կարծես թե միտում ուներ մեկնաբանելու, թե հայրենիքի առաջ հերոսություն գործած մարդիկ արտոնություններ են ստանում ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ՝ իրավունքների եւ պարտականությունների առումով։ Սա իրավիճակի թյուր ըմբռնում էր, որովհետեւ, այո՛, այս հաղաթանակը կերտվել է մեր ազատամարտիկների կյանքի, արյան, առողջության գնով, բայց այդ հաղթանակը անհնար կլիներ՝ առանց թիկունքում միասնական ու վճռական ժողովուրդ ու պետություն ուեննալու։ Եւ հետեւաբար, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրեն այդ հաղթանականի լիարժեք սեփականատերը զգա, եւ դա այդ հաղթանակը պահպանելու եւ զարգացնելու միակ ճանապարհը եւ հնարավորությունը»,-ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ եւ որ որեւէ մեկը որեւէ մի քաղաքացու նկատմամբ առավելություն չունի։
«Այո՛, այս ազատամարտը մեզ տվել է բազմաթիվ մեծ հերոսներ, լեգենդար հերոսներ, բայց ներողություն խնդրելով ուզում եմ ասել, որ հերոսությունը առողջության նման է, եւ հերոսությունը ամենօրյա, ամենժամյա խնամքի կարիք ունի, որովհետեւ առանց դրա այդ հերոսությունը կարող է արժեզրկվել։ Եւ մեր մեծագույն խնդիրն է մեր ժողովրդի, մեր հերոսների հավաքական զոհողությունները չարժեզրկել, այլ դարձնել մի հզոր անկյունաքար, որի վրա պետք է կառուցվի եւ արդեն իսկ կառուցվում է ազատ եւ երջանիկ Հայաստանը»,-ասաց ՀՀ վարչապետը։
Նա մեջբերեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մտքերից մեկը՝ 21-րդ դարը մերն է լինելու․
«Վազգեն Սարգսյանն ասել է, որ 21-րդ դարը մերն է լինելու, ես ուզում եմ ասել՝ արդեն մերն է, եւ մեզ մնում է ընդամնեը մեկ բան անել․ ամուր կանգնել մեր 21-րդ դարի, մեր հայրենիքի, մեր երազանքի, մեր երջանկության ու ապագայի պաշտպանության դիրքերում։ Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ ԵԿՄ-ն, կեցցենք մե՛նք եւ մեր երեխանե՛րը, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջնիկ Հայաստանում»։ Վարչապետի այս ելույթին հաջորդեցին համագումարին ներկաների բուռն ծափողջույնները։