ԼՂ բանակցային գործընթացը պետք է շարունակվի 1990 թթ. առաջին կեսի տրամաբանությամբ. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի բանակցային փոփոխության հարց երբևէ չի դրել, Հայաստանի կառավարությունը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց, այսօր ԵԿՄ 12-րդ համագումարում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դնում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին։ Եվ բանակցային ողջ գործընթացի ընթացքում, թույլ տվեք ասել, Լեռնային Ղարաբաղը ներկա է եղել և դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականն, այլև՝ 1998 թվականից հետո։ 1998 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ, և այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ։ Հետևաբար այսօր բանակցային գործընթացը պետ է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 1990-ականների առաջին կեսին», - ասաց վարչապետը։
Խոսելով բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության կարևորության մասին՝ Փաշինյանն ընդգծեց․ - «Չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել առանց այդ հակամարտության առանցքային կողմի մասնակցության։ Եթե մենք խոսում ենք առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ հակամարտության կագավորման, որովհետև այդ ֆորմատում անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին»։
Մարտի վերջին Վիեննայում Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ»:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արդյունքի արձանագրումը: